ԿարևորՀասարակություն

Էջմիածնի ավագանու 2 անդամ 2 տարուց ավելի չի մասնակցել ավագանու նիստերին

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու անդամներից երկուսն արդեն 2 տարի 9 ամիս բոյկոտել են ավագանու նիստերը: Ավագանու 2 անդամն էլ  նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ փոխկապակցված անձինք են և ավագանու նիստերին չեն մասնակցել նրա հրաժարականից հետո: Բացակայություններն անհարգելի են, իսկ ավագանին  դեռ չի քննարկել ավագանու   նրանց լիազորությունների դադարեցման հարցը: Արտակ Պողոսյանն ու Արման Գրիգորյանը   չեն մասնակցել շուրջ 38 նիստի:

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքի ավագանու 2 անդամ Արման Գրիգորյանն ու Արտակ Պողոսյանն արդեն   2 տարի 9 ամիս  չեն  մասնակցում ավագանու նիստերին:  Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Հարությունյանը տեղեկացրեց, որ ավագանու անդամների բացակայությունը անհարգելի է քանի որ բացակայություննների  վերաբերյալ ոչ մի հիմնավորում ոչ  գրավոր, ոչ էլ բանավոր  չեն ստացել:

Ավագանու նիստերի վերաբերյալ ծանուցումներն անպատասխան էին մնացել:  

«25.02.2021թ թիվ 529 գրությամբ ծանուցել ենք Էջմիածին քաղաքային համայնքի ավագանու անդամ Արտակ Պողոսյանին,   տեղեկացրել  ենք, որ 2021թ մարտի 5-ին, ժամը 15:00-ին կայանալու է համայնքի ավագանու արտահերթ թիվ 3 նիստը, միաժամանակ հայտնել ենք, որ նիստի ժամանակ քննարկվելու է ավագանու անդամի նիստերին անհարգելի պատճառով բացակայությունների հարցը: Որպես կանոն, մշտապես ծանուցագրերն ուղարկվում են, բայց հետ են վերադառնում՝ չստացված տարբերակով»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:

Նույնը ձևով  տեղեկացվել էր նաև Արման Գրիգորյանը, բայց ծանուցագիրը  նորից չստացված վերադարձվել էր:  Այսինքն՝ ավագանու անդամներ Արտակ Պողոսյանն ու Արման Գրիգորյանը անհարգելի բացակայել են ավագանու նիստերից: Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Հարությունյանը նշում է, որ ավագանու անդամների բացակայությունը հաճախ քվորում չի ապահովում:

Արման Գրիգորյանը նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եղբայրն է, իսկ Արտակ Պողոսյանը՝ քրոջ ամուսինը: Նախկին քաղաքապետի հետ փոխկապակցված անձինք հրաժարվել են ավագանու նիստերին մասնակցելուց՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, 2018թ հունիսից:  Արտակ Պողոսյանն ու Արման Գրիգորյանը  ավագանու անդամ էին ընտրվել 2016թ սեպտեմբերի 18-ին: Ավագանու նիստերի բոյկոտմամբ նրանք խախտել են  ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները, որով սահմանված են  ավագանու անդամի պարտականությունները՝ մասնակցել նիստերին, հանդիպել բնակչությանը, ընտրողներին տեղեկացնել ավագանու աշխատանքի մասին, մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին և այլն: Ավագանու անդամների լիազորությունների դադարեցումը ի՞նչ ընթացակարգ ունի. պարզաբանում է Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը.

«Հարցադրումը վերաբերում է ՀՀ ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում նա անհարգելի պատճառով  բացակայել է ավագանու նիստերի կեսից ավելին: Այս պարագայում, նույն հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է՝ 7-րդ կետում սահմանված դեպքում՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների 2/3-ով ընդունվում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում՝ ավագանու,  կամ նիստը գումարելու անհնարինության դեպքում ավագնու մյուս անդամները կազմում են համապատասխան  արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագնու անդամների 2/3-ով (երկու երրորդով)»:

Էջմիածնի  ավագանու անդամ Արտակ Պողոսյանը  վերջին անգամ ավագանու նիստին  մասնակցել էր 2018թ ապրիլի 10-ին, իսկ Արման Գրիգորյանը՝ 2018 թ մայիսի 22-ին: Ավագանու մյուս  անդամներից փորձեցի տեղեկանալ իրենց բացակա գործընկերների մասին.

«Անձամբ ես չեմ հետաքրքրվել, չգիտեմ ինչպես կարելի է կապվել, հեռախոսահամար չունեմ, բայց յուրաքանչյուր հարց պետք է լուծվի իրավական հարթության մեջ: Այլ տրամադրությամբ չենք տրամադրվել, չկա այդպիսի բան, բոլորս էջմիածնեցի ենք»:

«Իրենք քաղաքում չեն»: «Հանրապետությունում էլ չեն, դրա համար կապ չեն կարողացել հաստատել»:

Երկու տարի ինն  ամիս ավագանու նիստերից անհարգելի պատճառով  բացակայած ավագանու 2 անդամի լիազորությունների դադարեցման հարցը  Էջմիածնի ավագանին դեռ  չի քննարկել, իսկ  Էջմիածին քաղաքի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է 5 ամիս:

Back to top button