ԿարևորՀասարակություն

Վիրավոր զինվորների խնդիրը՝ եգիպտահայերի ուշադրության կենտրոնում

Պատերազմը փոխել է Կահիրեի հայ համայնքի առաջնահերթությունները, վերադասավորել դիվանագիտական օրակարգի հարցերը։ Ֆինանսական աջակցությունից մինչև վիրավոր զինվորների վերականգնման ծրագրեր, նաև Եգիպտոսի պետական ու հասարակական կառույցներում հայկական դիրքորոշման ներկայացում։ Համայնքի նախաձեռնությունների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանն է պատմել։

Կահիրեի փոքրացող համայնքի մեծացող մտահոգություններին պատերազմից հետո ավելացել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները։  Սեպտեմբերի 27-ից հետո համայնքն ապրում է հայաստանյան  իրողություններով ՝ ասում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

«Կահիրեում փոքր, բայց բավական ակտիվ հայ համայնք կա, որը շատ հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով  և, իրոք, ապրում է Հայաստանի կյանքով»,-ասում է դեսպանը։

Նրա խոսքով՝  սեպտեմբերի 27-ից հետո վերադասավորվել են  նաև դիվանագիտական օրակարգի  առաջնահերթությունները։

«Ռազմական գործողությունների շրջանում և դրանց ավարտից հետո ակտիվ աշխատանք ենք տարել՝ հայկական դիրքորոշումը Եգիպտոսի պետական կառույցներում, կառավարական ու հասարակական շրջանակներում ներկայացնելու ուղղությամբ»։

Եգիպտոսի հայ համայնքը լծվել էր պատերազմող Հայաստանին օգնություն հասցնելու գործին դեռ հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում։

«Գումարները փոխանցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տավուշի վերականգնման ծրագրին, իսկ դրանից հետո՝ «Մենք ենք, մեր սահմանները» ծրագրին ու Արցախին։ Մեր փոքրաթիվ համայնքի համար իրապես լուրջ գումարների մասին է խոսքը»,-պատմում է դեսպանը։

Եգիպտոսի հայերն այսօր  մտահոգ են գերիների վերադարձի հարցով։ Հայ դիվանագետն ասում է՝ խնդիրը ներկայացրել է Եգիպտոսի իշխանություններին, շոշափել քաղաքական տրամադրությունները։

«Կարեկցանք կա մեր խնդիրների նկատմամբ, բայց կա նաև որոշ կաշկանդվածություն, որը խանգարում է լիարժեք աջակցությանը»։

Եգիպտոսի իշխանություններն իրենց քաղաքական շահերն ու հետաքրքրություններն  ունեն, պետք է փորձենք գտնել մեր և իրենց շահերի հատվող եզրերն ու գործենք այդ սկզբունքով՝  ասում է դեսպանը։

Անկախ քաղաքական շահերի համադրման արդյունքներից՝   Եգիպտոսի հայ համայնքը վիրավոր զինվորների առողջության վերականգնման, պրոթեզավորման ծրագրեր է նախաձեռնել: Դրանք նախատեսում են իրականացնել Հայաստանում։ Կարեն Գրիգորյանն ասում է, որ անհրաժեշտության դեպքում վիրավոր որոշ զինվորներ բուժում կստանան Եգիպտոսում։ Շեշտում է, որ գործելու են անհատական մոտեցմամբ և խնդրում դեսպանատուն փոխանցել տեղեկություններ  այն զինվորների մասին, որոնք վերականգնման հարցում աջակցության կարիք ունեն։

Ցուցադրել ավելի
Back to top button