ԿարևորՄշակույթ

Չարենցը որքան դեպի Աստված էր գնում, նույնքան էլ ձգտում էր դեպի երկրի ընդերքը․ Դավիթ Գասպարյան

«Դեպի Չարենց տանող ճանապարհն այսօր էլ կանաչ է, նրան դեռ սիրում ու կարդում են, սակայն ժամանակն է, որ Չարենցին ամբողջությամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով»,-ասում է գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Այսօր մեծ գրողի ծննդյան օրն է։

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Խոսելով իր՝ Չարենց անվան մասին, գրողը Գուրգեն Մահարուն ժամանակին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ  են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։

«Չարենց» անվան ընտրության մասին  բանաստեղծն ավելի ուշ գրել է. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Նրա ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը 25 տարի, բայց այն չափազանց հարուստ էր ու բազմաբովանդակ: Ինչպես ասում էր Վարուժանը՝ սիրում էր փոխել լարերը, մի Չարենցին անընդհատ նոր Չարենց էր հաջորդում. «Չարենցը բարդ կերպար էր»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Նա որքան դեպի Աստված էր գնում, նույնքան էլ ձգտում էր դեպի երկրի ընդերքը: Ինքը հանճարն էր, ժամանակի տերն ու պատասխանատուն, ոչ ոքի վրա հույսը չէր դնում, և կռիվն էր ինքը մղում և հաշտության դրոշն էր պարզում»:

Կենսագրական դրվագներ, որոնք, թերևս, ամենից լավ են բնորոշում Եղիշե Չարենցին. Ըստ գրականագետի դա ընտանեկան խմբանկարն է, որտեղ Չարենցը մոտավորապես 10 տարեկան է, կանգնած է ձիգ, հպարտ, սխրանքի պատրաստ:

«Սխրանքի պատրաստ այդ տղան էր, որ կարողացավ 17 տարեկանում գիրք հրատարակել Կարսի պես փոշոտ, կորած քաղաքում, իսկ հաջորդ տարին կամավոր գրվեց ու գնաց հասավ մինչև Վան»,-ասում է Գասպարյանը:

1935-37 թվականներին Չարենցի մահվան օղակը սեղմվում էր : «Իրեն հատուկ պայծառատեսությամբ Չարենցը զգում էր նաև իր մահը»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը: 1936 թվականի սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, օգոստոսի 9-ին՝ ձերբակալում: Մեղադրանքները նույնն էին, ինչ որ բոլորինը՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, պետական դավաճանություն:

Վերջին անգամ Չարենցին ձերբակալում են 1937 թվականի հուլիսի 27-ին: Նոյեմբերի 27-ին Չարենցը բանտում մահանում է: «Մենք սիրում ենք հպարտանալ Չարենցով, նրա հանճարեղ ու խենթ կերպարով, իսկ թե որքանով ենք տիրապետում այդ հանճարի գրական խենթություններին, ըստ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դա արդեն լուրջ խնդիր է։ Նրա համորզմամբ՝ Չարենցին ոչ միայն աշխարհը չճանաչեց, ինչպես ցավով նկատում  էր նաև Դավիթ Գասպարյանը, այլև հենց նրան՝ Չարենցին ծնած ժողովուրդը։ Չարենցյան բազմաթիվ ձեռագրեր առ այսօր անհայտ են ընթերցողին, պատճառները տարբեր են։

Back to top button