Ստարտափ Հայաստան

Ինչպես 4 տարեկան երեխան ապացուցեց, որ հայկական պայուսակները որակով չեն զիջում հայտնի բրենդներին․ «Ստարտափ Հայաստան»

Հայկական արտադրության պայուսակների բրենդի հիմնադիրները հասկացան՝ եթե չորս տարեկան երեխայի ձեռքին պայուսակը դիմացավ, ուրեմն լավն է, պետք է շարունակել։ Հետո ընկերներով որոշեցին արտադրել հայկական ձեռագործ պայուսակներ, որոնք շուկայում առանձնանալու էին իրենց դիզայնով և որակով։ Բիզնես գաղափարը ծնվեց, որի համար հատուկ պատճառներ կամ առիթներ չկային։ Միակ գլխավորը Հայաստանում որակյալ արտադրություն ստեղծելն էր։

Հրաչն ու Դավիթը սկզբում մտավախություն ունեցել են, քանի որ բիզնեսը սկսել են Հայաստանի համար ոչ այդքան բարենպաստ ժամանակաշրջանում։ Վստահ քայլերով չեն մտել շուկա, հետո հասկացել են, որ եթե սպասեն այն օրվան, երբ ամեն բան լավ ու հարթ կլինի երկրում, այդպես էլ երկար տարիներ կսպասեն և ոչինչ առաջ չի գնա։ Հետո իրենք իրենց խոստովանել են, որ երկրում ինչ-որ լավ բան առաջ տանելը կախված է նաև իրենցից։

Գաղտնիք չէ, որ ձեռագործ աշխատանքները թանկ են։ Դրանք պատրաստելու համար ժամանակ ու համբերություն է պետք։ Հրաչն էլ, Դավիթն էլ փաստում են, որ իրենք ամեն բան մանրակրկիտ հաշվարկել են։ Հարցերի դեպքում իրենք սիրով բացատրում են հաճախորդներին, թե ինչու է այս կամ այն գինը, ինչու պայուսակը պատրաստ կլինի ոչ թե երեք, այլ հինգ օրվա մեջ։

Քանի որ պայուսակների գները բարձր են, ենթադրելի է, որ օրինակ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը իրեն չի կարող նման հաճույք թույլ տալ։ Դավիթն ասում է, որ այդ ամենը շատ լավ են հասկանում, բայց իրենք իրենց հաճախորդներն ունեն, ու, եթե մի փոքր հնարավորություն ունենային, գներն անհամեմատ ցածր կդնեին, որպեսզի շատերը կարողանային օգտվել։

Հայկական արտադրանքը նկատել են նաև օտարերկրացիները, համագործակցության առաջարկ արել։ Տղաները, իհարկե, ոգևորվել են առաջարկից, բայց հնարավորությունները չեն բավարարել, սակայն մտածում են արտահանման ու բրենդն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։

Տղաները հաջողել են, բայց ահռելի տեղ կա ավելի հաջողելու, պարզապես պետք է ընդհանուր լեզու գտնել և առաջ գնալ, աշխարհին էլ ցույց տալ, որ հայը կարող է։

Ցուցադրել ավելի
Back to top button