Սփյուռքի ձայնը

Հայաստանն աղքատ երկիր չէ, վստահ է կանադահայ տնտեսագետը․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանն այնքան էլ աղքատ երկիր չէ, ինչպես հաճախ ներկայացվում է. այն արդյունաբերական մեծ հնարավորություններ ունի, թերանում ենք կառավարման ոլորտում: Այս կարծիքին է Կանադայի միջազգային ինֆորմատիկայի ակադեմիայի հիմնադիր, մաթեմատիկոս և տնտեսագետ Ազատ Վարդանյանը։

Նա արդեն մեկ տարի է Հայաստանում է՝ մասնակցում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նախաձեռնած «Ի գործ» ծրագրին:

Ինչպես պետք է զարգացնել ՀՀ տնտեսությունն ու ներդրումների առատ հոսք ապահովել. կանադահայ մաթեմատիկոս, տնտեսագետ Ազատ Վարդանյանը նախանշում է մի քանի կարևոր ուղղություններ։

Նախ տարբեր երկրներում պետք է ստեղծվեն կառույցներ, որոնք տեղեկություններ կհաղորդեն այս կամ այն անհատին կամ կազմակերպությանը՝ Հայաստանում ներդրումների դաշտի ու տնտեսության առավել շահավետ ոլորտների մասին: Այսինքն, ինֆորմացիայի պակաս կա արտերկրում:

Հաջորդը՝ ՀՀ-ում ներդրումներ անելու ցանկություն ունեցող կազմակերպություններին կամ անհատներին պետք է արտոնություններ տրվեն։

«Հայաստանում գործող լիբերալ տնտեսությունը անարդյունավետ է: Օտար ներդրողներին պետք է տրվեն արտոնություններ՝ գոնե առաջիկա տարիներին աշխատելու ժամանակ»,- ասում է Ազատ Վարդանյանը:

Եվ հաջորդ կարևոր գործոնն, որն անհրաժեշտ է կիրառել՝ պետության միջամտությունն է ներդրումներին, սակայն՝ ոչ խոչընդոտելը: Ազատ Վարդանյանն առաջարկում է, որ պետությունը մասնակցի ներդրումային քաղաքականությանը։

Անդրադառնալով Կանադայի փորձին` նշում է, որ այնտեղ նոր ներդրումներ անելու և ներդրողներ գտնելու համար ամեն տարի մարտ ամսին անցկացվում է կոնֆերանս արտադրողների, ֆինանսավորողների և այդ ոլորտներում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ազատ Վարդանյանը ծնվել է Ռուսաստանում, 1970 –ական թվականներին եկել է Հայաստան, աշխատել է հայաստանյան կրթական համակարգում: Մոտ 9 տարի այստեղ ապրելուց հետո մեկնել է Կանադա և արդեն երեք տասնամյակ բնակվում է Հյուսիսային Ամերիկայումմ:

Մեր հայրենակիցը նաև Կանադայում հիմնել է ինֆորմատիկայի ակադեմիա, որի առաջադրած նախագծերն իրականացվել են մի շարք խոշոր պետություններում: Ակադեմիան 1997-թվականին համագործակցություն է սկսել նաև Հայաստանի հետ:

Back to top button