ԿարևորՎերլուծական

Քաղաքական ճգնաժամի իրավական լուծումները․ մասնագետները տարակարծիք են

Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ոչ թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վարչապետի հրամանագրի, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը։

Ավելի վաղ վարչապետն էր հայտարարել, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը համարվում է իրավունքի ուժով աշխատանքից ազատված։ Վարչապետի հայտարարությանն էլ  ուղերձով արձագանքել էր Գասպարյանը և նշել՝ իր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ պաշտոնանկության հարցով դիմում է Վարչական դատարան։

Հատված Ռադիոլուրի հիմնական թողարկումից

Իրավական ի՞նչ հանգուցալուծումներ են հնարավոր խճճված այս իրավիճակում․ սահմանադրագետների մեկնաբանությունները շարունակում են հակասել միմյանց։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը կարևորում է ներքաղաքական լարվածությունն իրավական հարթություն տեղափոխելու միտումը։ «Սա շատ կարևոր արձանագրում է երկրի քաղաքական և սահմանադրական կայունության ապահովման տեսանկյունից»,-ասում է Խալաթյանը։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ, սակայն, իրավական լուծումներից վերացարկված իրավիճակում ենք։ «Թե վարչապետը, թե նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու լիազորություն չունեին, որովհետև նրան Սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ է տրված»,-ասում է Մելոյանը։

Վարչապետի աշխատակազմում համոզված են, որ ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնից արդեն ազատված է իրավունքի ուժով։ Հանրապետության նախագահը նույնքան համոզված չէ․ նա դիմել է  ՍԴ, սակայն վիճարկում է ոչ թե  վարչապետի հրամանագրի, այլ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը։

«Եթե ՍԴ-ն որոշի, որ կա իրավական բաց, և օրենքի վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրությանը, ապա կստացվի, որ նախագահի և վարչապետի գործառույթները ուղղակիորեն բխում են Սահմանադրությունից, և անկախ հանգամանքից,  թե այդ օրենքում  ինչ ընթացակարգ է սահմանված, այն այլևս իրավաբանական ուժ չի ունենա, և Վարչական դատարանում էլ, ըստ էության,  հայցը կմերժվի»,-պարզաբանում է Արտաշես Խալաթյանը։

Գոհար Մելոյանը ՍԴ դիմելու նախագահի քայլը համարում է ձևական և մանևրելու նպատակ ունեցող։ «139 հոդվածի երկրորդ մասն այս փուլում կիրառելի չէ։ Այս փուլում  նախագահը կամ պետք է  ստորագրեր հրամանագիրը, կամ այն  պետք է ներկայացներ ՍԴ»,-ասում է Մելոյանը։         

ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարվելու վարչապետի հայտարարությանն արձագանքելով՝  ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը շեշտել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել՝ գործընթացը հակասահմանադրական է  համարում։ Տեղեկացրել է նաև, որ դիմել է  Վարչական դատարան։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ՝ Վարչական դատարանը չի կարող Օնիկ Գասպարյանի դիմումը քննել, քանի դեռ չկա ՍԴ որոշումը նախագահի դիմումի վերաբերյալ։ «Վարչական դատարանը, ըստ էության, պարտավոր է կասեցնել գործի վարույթը՝ մինչև ՍԴ-ի համապատասխան որոշումը ստանալը»,-ասում է Խալաթյանը։ 

Գոհար Մելոյանը, մինչդեռ, ՍԴ-ում և Վարչական դատարանում գործի քննության ընթացքում հնարավոր է համարում Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի հրամանագրի կասեցումը։

Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ այդ ընթացքում Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վարչապետի հրամանագրի գործողությունը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող։ 

«Բազմաթիվ իրավական նրբություններ կան, բայց բոլոր դեպքերում այսօր որևէ իրավական հիմք չկա՝ խոսելու այն մասին, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ հրամանագիրը ենթակա է կասեցման։ Այսինքն, այսօր պաշտոնը թափուր է  իրավական հիմքերով և ենթակա է համալրման՝ կրկին Սահմանադրությամբ նախատեսված կարգով»,-ասում է Խալաթյանը։

Back to top button