ԿարևորՀասարակություն

Ճագարի բուծում՝ ՏՏ լուծմամբ․ գաղտնիքն Այգեպարում է

Այգեպարը գյուղ է, որտեղ չէին զբաղվում գյուղատնտեսությամբ. արոտավայրեր և բերիի հողեր չունի։ Տավուշի այս սահմանամերձ գյուղում, սակայն, այլընտրանք արդեն գտել են: Այգեպարում հիմնվել է բիզնես-ինկուբատոր: Դրա շնորհիվ գյուղացիները կզբաղվեն գյուղատնտեսության այն ճյուղերով, որոնց համար արոտավայր կամ բերրի հող պետք չէ:

Բիզնես-ինկուբատորը շահագործվելու է ամերիկյան «Փարոս»  հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ գյուղի ծխախոտի գործարանի շենքում, որը վաղուց չի աշխատում։ Մեկնարկը տրված է ճագարաբուծության ոլորտում, գործարանի մոտ 300 քմ հատվածն արդեն շահագործվում է որպես ճագարաբուծարան։ Գյուղատնտես, փորձագետ Դավիթ Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ արդեն ճագարի 400 ձագ ունեն, մշակում են նաև ճագարի գոմաղբը և ստանում բիոհումուս: «Մենք ճագարից ստանում ենք միս, մորթի և գոմաղբ։  Միսը  վաճառվում է, գոմաղբից ստանում ենք պարտանյութ, մորթին վերամշակվում է, Այգեպարում շուտով  կարի արտադրամաս ենք ունենալու, այսինքն, արտադրական շղթա է ստեղծվում, իսկ գյուղատնտեսության մեջ  բարձր օգտակարություն հենց արտադրական շղթան է ապահովում»։

Աղքատության խնդիրը հնարավոր չէ լուծել գյուղացուն ընդամենը մի քանի գլուխ անասուն տալով: Հենց մի դժվարություն է լինում, կենդանին մորթում են կամ  վաճառվում. տված անասունը չի դառնում մշտական ապրուստի միջոց,- բացատրում է  գյուղատնտեսը։ Նա ասում է, որ այս ծրագրով նախատեսում են ճագարները վաճառել գյուղացուն, սովորեցնել ճագարաբուծության գաղտնիքները, իսկ աշխատանքից ստացված եկամուտը ներդրվելու է Այգեպարի և հարակից սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերում:

Արված աշխատանքի ու անելիքի մասին Դավիթ Դավթյանը ոգևորությամբ է պատմում. «Լսարան  ունենք Այգեպարում, և երբ  վերակառուցում էինք, ես ասացի, որ անպայման լսարանում պատուհան պետք է լինի դեպի ֆերման նայող, որպեսզի այն, ինչ մենք սովորենք գյուղացու հետ ճագարաբուծության մասին, դուրս գանք ու գործնականում տեսնենք, կատարենք, այսինքն, գյուղացին կապվում է գործարանի հետ ու սկսում աշխատել, իսկ մնացած հարցերով կենտրոնն է զբաղվում: Սա իսկական օրինակ է, որ գյուղացուն պետք չէ օգնություն տալ ալյուրի, ձեթի, սննդի  և նույնիսկ տնկիի տեսքով, եթե գյուղացին չի ունենալու մասնագիտական գիտելիք, օրինակ՝ տնկիից ծառ ու բերք ստանալու»։

Գիտական նորարարությունները չեն շրջանցել նաև ճագարաբուծության ոլորտը։ «Փարոս»  հիմնադրամի ֆինանասավորմամբ գնել են արտասահմանյան համակարգչային մի ծրագիր, որը կօգնի գյուղատնտեսին խնայել ժամանակ և համակարգել աշխատանքը, գտնել ամենաբարդ հարցերի պատասխանները՝ ինչ է ծախսվել և ինչ արդյունք է գրանցվել։ Ծրագիրը ներդրվելու է մասնավորապես ճագարաբուծության մեջ:

Հայ ծրագրավորողները ծրագիրը համապատասխանեցնելու են Այգեպարի բիզնես ինկուբատորի աշխատանքին:  «Ծրագիրը զգուշացնում է, որ օրինակ այսօր 5, 6 ու 7 համարի ճագարները պետք է ծննդաբերեն, կամ, որ ձագերը մոր մոտ են, այսքան օրական են,  և անհրաժեշտ է մորից առանձնացնել»։Դավիթ Դավթյանը նկատում է. Ճագարաբուծությունը յուրահատուկ ոլորտ է, ունի զարգանալու հեռանկար: Այգեպարում նախատեսում են շուրջ 1000 քմ փակ տարածք հատկացնել ճագարաբուծությանը և զարգացնել այն:

Back to top button