ԿարևորՎերլուծական

Ադրբեջանական բանակը կփոխանցվի՞ Թուրքիային․ սա պատերազմի դիմաց վճարելու գինն է

«Ադրբեջանական զորքերի թուրքականացման միտում նկատվում էր դեռ մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Անգամ խոսվում էր համատեղ զորախմբի ստեղծման մասին, որի անունը պետք է լիներ «Թուրան»»,- ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ 

Մեկնարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հերթական համատեղ զորավարժությունները․ դրանք երրորդն են վերջին 10 ամսում։   Հատաքրքրական է, որ այս զորավաժությունների հիմնական նպատակը ադրբեջանական զինուժը թուրքական չափորոշիչներին համապատասխանեցնելն է:

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,-ասվում է զորավարժությունների մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության «Twitter»-ի հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանային հարցերով փորձագետի կարծիքով՝ պատերազմն ամեն ինչ արագացրեց, ադրբեջանական բանակը թուրքական ԶՈՒ-ի կողմից էր կառավարվում եւ ողջ պատերազմի ընթացքը վերահսկվում էր Թուրքիայի կողմից։ «Թուրքիայում չեն թաքցնում, որ ադրբեջանական բանակը թուրքական մեկ զորամիավորման մեջ մտցնելու նպատակ կա։ Սա այն գինն է,  որը վճարելու է Ադրբեջանը։

Բացի դա՝ նաեւ Նախիջուանի հարցն է առաջ գալու վաղ թե ուշ։  Ադրբեջանական այն հատվածը, որը դեռ փորձում է ՌԴ-ի հետ որոշակի ռազմական համագործակցությունների մեջ մտնել, պետք է գլխատել, Թուրքիայի նկրտումը դա է։ Ստեղծել թյուրքալեզու պետությունների ռազմական ալյանս՝ սա այն է, ինչին ձգտում է Թուրքիան եւ արդեն հրավիրում է ՀԱՊԿ-ի անդամ պետություններին նաեւ այդ ալյանս, ինչը նշանակում է, որ Ռուսաստանին դեմ գնալու քայլեր է այդպիսով ձեռնարկում։

ՀՀ-ն եւ ՌԴ-ն այս պայամաններում պետք է խորացնեն համագործակցությունը ռազմական դաշտում, քանի որ հիմնական խաղացողներ են համարվում այս տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան։ Բայց այս երկու պետությունների միջեւ քողարկված լարվածություն կա հատկապես վերջին շրջանում, քանի որ թուրքական դրոշների դիմաց բարձրացվում են ռուսական դրոշներ։

«Մենք էլ պետք է ռազմավարական համագործակցություն սկսենք, որը այլընտրանք կլինի ՀԱՊԿ-ին։ Իսկ ՀԱՊԿ-ի հետ պետք է հստակ լինի անելիքը պատերազմի ժամանակ։ Իրավիճակը կայծակնային արագությամբ է  զարգանում, Թուրքիան անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում այս տարածաշրջանի հետ կապված, ամեն օր նոր պահանջներ են։ Ցավոք, իմ կանխատեսումներն իրականանում են, եւ ավելի ենք մոտենում այն ռազմական բախմանը, որը տեղի չի ունեցել վերջին 100 տարվա ընթացքում, ռուս-թուրքական բախման մասին է խոսքը։ Ցավոք, այդ բախումը հնարավոր է հենց մեր տարածաշրջանում»,-ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ 

Ի՞նչ պետք է անի նման պայմաններում Հայաստանը։ Ըստ բանախոսի՝ իրականում ուժերի կենտրոնացումն արդեն սկսվել է, դրա մասին է վկայում ռուսական ռազմակայանների ավելացումը ՀՀ տարածաշրջանում եւ Արցախում նույնպես։ Հայկական բանակը ռուսական ստանդարտներին համապատասխանեցնելու մասին հայտարարությունները հենց նախապատրաստական գործընթացի շրջանակներում են»։

Թուրք-ադրբեջանական առաջին զորավարժություններին հաջորդեց երկու պետությունների համատեղ ագրեսիան Արցախի  դեմ, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագներով: Դրանից հետո շարունակվում են համատեղ զորավարժություններն ավելի ինտենսիվորեն, ինչն, ըստ Կարեն Հովհաննիսյանի, տարօրինակ է, քանի որ պատերազմներից հետո սովորաբար հաղթող կողմը 1-2 տարի զորավարժություններ չի անում,  այլ  փորձում  է իր դիրքերն ամրացնել դիվանագիտական դաշտում։ Բայց մենք հակառակ պատկերն ենք տեսնում, պատերազմից հետո արդեն երկրորդ համատեղ զորավաժությունն են իրականացնում։ Կարծես թե պատրաստվում են համատեղ հաջորդ ռազմական գործողությունների։

Փորձագետը չի կարծում, որ մոտ ապագայում  կլինեն լայնածավալ ռազմական գործողություններ, գուցե դիրքային բարելավումներ փորձեն գրանցել։ Իսկ լուրջ բախումն ըստ նրա, որը կարող է տեղի ունենալ, հնարավոր առաջիկա հինգ տարվա ընթացքում։

Back to top button