ԿարևորՀասարակություն

Որտեղի՞ց է գալիս խուճապը` մամուլի՞ց, թե՞ սահմանից

Սոցիալական ցանցերը վերջին օրերին ողողված էին Տավուշի սահմանամերձ Ազատամուտ համայնքի մասին մտահոգիչ տեղեկություններով։  Չնայած պաշտոնական հերքումներին՝  դրանք տարածվեցին նաև լրատվամիջոցներով։ 

Տավուշի  մարզպետարանը  լուրերը կեղծ և պառակտող որակեց ու դրանք գնահատելով  հանցագործություն՝ հրավիրեց  իրավապահ մարմինների ուշադրությունը։ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներն էլ իրենց հերթին վստահեցրին՝ շարունակում են ապրել իրենց  առօրյա հոգսերով, իսկ խուճապը մամուլում է միայն։

Տավուշի մարզի Դիտավան համայնքում հանգիստ է, լարվածությունը միայն մամուլում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրում  է համայնքի ղեկավարը՝ Հակոբ Սարիբեկյանը։ Նրա խոսքով՝ Դիտավանն ապրում է իր  առօրյա հոգսերով․

«Մեզ մոտ նորմալ է, առօրյա հոգսերով ենք ապրում։ Լարվածություն, խուճապային տրամադրություններ չկան։ Խուճապն ավելի շատ մամուլում է։ Մենք զբաղված ենք գյուղատնտեսական աշխատանքներով։ Վերջին օրերին եղանակն է մի քիչ խառնվել, աշխատանքները դանդաղել են»։

Հանգստյան օրերին համացանցն անհանգիստ էր։ Անհանգստության առիթն  իրավիճակն էր Տավուշի սահմանամերձ համայնքներում կամ ավելի ստույգ՝  այդ իրավիճակի մասին Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը։ Նա նշել էր, որ ադրբեջանցիներն իր գրառման պահին  չափագրումներ են անում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ նախկին Բարխուդարլիի մերձակայքում։  Բագրատյանը գրել էր նաև, որ ազատամուցիներին  շատ «քաղաքավարի» հորդորել են  գոմերն ու տները գետից այն կողմ տեղափոխել։

Պաշտոնական հերքումը չուշացավ։  Տավուշի մարզպետարանն ու մարզպետ Հայկ Չոբանյանն առանձին-առանձին հերքեցին հրապարակված  տեղեկությունը։ Մարզպետարանը հրապարակումները  կեղծ ու պառակտիչ որակեց և դրանք գնահատելով  հանցագործություն՝ հրավիրեց  իրավապահ մարմինների ուշադրությունը։

Մարզպետ Հայկ Չոբանյանն էլ անբարո և անպատասխանատու  գնահատեց նման գործողությունները, դրանք անձնական վիրավորանք համարեց իր և Տավուշի ժողովրդի հասցեին՝ նշելով, որ անձնապես հետամուտ է լինելու, որ հեղինակներն առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։ Ըստ մարզպետի՝ սահմանների անվտանգությունը, սահմանին ապրող մարդկանց հանգստությունը փոթորկելն առնվազն անբարոյականություն է։

«Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին»։

Անհանգստության թիրախում հայտնված համայնքից՝ Ազատամուտից նույնպես հերքումը չուշացավ։ Տավուշի մարզպետարանի տարածած տեսանյութում տեղացիները վստահեցնում էին, որ լուրերը կեղծ են, իրենք շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով։

Տեղեկությունը հերքեց նաև ՊՆ-ն՝ սոցցանցերում,  տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում  ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ լուրերը  համարելով  ապատեղեկատվություն։ 

«Տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն: Պաշտպանության  նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ համոզիչ կերպով հորդորելով զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված էր ՊՆ հայտարարության մեջ։

Back to top button