ԿարևորՀասարակություն

Հայ կինն ու բիզնեսը. կարծրատիպերն էլ չեն գործում

Կանանց միջազգային օրը՝ հայ կանանց՝ բիզնեսում ներգրավելու մասին։ «Ռադիոլուր»-ի հերոսները կանայք են, որոնք սոցիալական ձեռնարկատիրությամբ սկսել են զբաղվել համավարակի ու արցախյան պատերազմի օրերին ու աշխատատեղեր են ստեղծել: Նրանք ասում են, որ գործն ստեղծելիս սեռային պատկանելությունը որևէ լրացուցիչ խնդիր չի առաջացրել:  

Համաշխարհային բանկի՝ «Կանայք, բիզնեսը և օրենքը-2020» զեկույցում  արձանագրված պատկերը, սակայն, նույնքան լավատեսական չէ. 2019–ի համեմատ՝ 2020 թվականին մեր երկիրը զիջել է դիրքերը. աշխարհի 190 երկրներից մենք 69-րդն ենք:

Դդում, կիտրոն, ընկույզ, սեր ու կարոտ՝ Արցախից ու արցախցուց. բաղադրատոմսը հադրութցի տիկին Նաիրայինն է, ով այժմ սոցիալական ձեռներեց է։ Հադրութի Ուխտաձոր գյուղից սեպտեմբեր 30-ին ընտանիքով դուրս եկան՝ անգամ չմտածելով, որ հետ չեն գնալու.

«Եթե պատկերացնեի, որ հետ չենք գնալու, գոնե փաստաթղթերը կվերցնեինք, տանն են մնացել անգամ երեխաների դիպլոմները։ Կամ գոնե իմ տնից մի հիշողություն կբերեի»։

Տիկին Նաիրան, ու հադրութցի ևս 11 ընտանիք Երևանում անգործ չմնացին։ Նելլի Պողոսյանը հոկտեմբերին իր տանը արցախցի ընտանիքների էր հյուրընկալել: Պատերազմն ավարտվեց, ու մնացին չլուծված խնդիրներ. որոշեցին լուծել դրանցից գլխավորը՝ աշխատանքի  հարցը․ արդյունքում հիմնեցին սոցիալական ձեռնարկություն: Ամուսնու հետ պահածոների փոքրիկ արտադրամաս հիմնեցին, արտադրանքի մեջ էլ ներառեցին արցախցի կանանց բաղադրատոմսով պատրաստված մուրաբաներ ու թթուներ՝ սեր, կարոտ ու ջերմություն հավելումներով: Ապրանքանիշն անվանեցին  «Արցախի համը»։ Նելլին հիշում է՝ ամեն բան սկսվեց թզի մուրաբայով.

«Առաջին արտադրանքը թզի մուրաբան էր։ Թուզն արդեն վերջանում էր, բայց մենք կարողացանք գնել թուզն ու մեր կանայք շատ համեղ պատաստեցին։ Մենք մեր արտադրանքը փորձեցինք վաճառել մեր ընկերներին, արձագանքը շատ լայն էր, հանրության մեջ նույնպես։ Բոլորը սկսեցին խոսել, որ անգամ պատերազմի ժամանակ արցախցի կինն այնքան ուժեղ է, որ երբ ամուսինը, որդին, եղբայրը առաջնագծում են, ինքն իր  ընտանիքի հոգսը հոգալու համար, կարող է այդքան համեղ բաղադրատոսմեր ստեղծել»։

2020–ին կռվում էինք նաև կորոնավիրուսի դեմ: Հենց համավարակի ծանր շրջանում, համատարած սահմանափակումների օրերին է Լենա Հարությունյանն ստեղծել իր սոցիալական ձեռնարկությունը: Նպատակը՝ լուծել որդու, նաև՝ աուտիզմի համախտանիշ ունեցող մյուս երեխաների զբաղվածության խնդիրը: Այն ինչ ստեղծեցին, դարձավ յուրահատուկ թերապիա և նոր հմտությունների զարգացման հնարավորություն:  

«Ես Նարեկի մաման եմ, 14 տարեկան է, ունի աուտիզմ, մենք սկսեցինք, որպեսզի օգնենք Նարեկին ու իր ընկերներին, որ երեխաները ունենան զբաղվածություն ու աշխատանք։ Մեր երեխաները մեր շահառուներն են: Արդեն հինգ տարի՝ մեր բալիկները վերականգվում են մեզ մոտ։ Հասել ենք նրան, թե ինչով պետք է զբաղվեն դեռահասության շրջանում: Մեր մասնագետներին հեշտ էր նրանց սովորեցնել՝ ինչպես պետք է փաթեթավորեն անձեռոցիկները»։

Էկոանձեռոցիկներ, որոնց տուփերը հավաքվում են առանց սոսնձի, փազլի նման: Դրանք վառ ու գունավոր են՝ հետաքրքիր գրություններով:

«Օրինակ՝ «Հաղթենք միասին», «Ես նման եմ քեզ», «Աուտիզմ, հաղթենք միասին», «Ապրենք միասին»։ Այս արտահայտություններով մենք փորձում ենք գրավել բոլորի ուշադրությունը։ Շատերը չգիտեն՝ ինչ է աուտիզմը, ինչ է նշանակում ապրել զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ։ Փոքրիկ անձեռոցիկներով հանրության ուշադրությունն ենք գրավում մեր արտադրանքի վրա, օգնում ենք, որ զարգանա։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ երեխաներն ըդնգրկվեն, աշխատեն»։

Տարեցտարի հայ կանանց ներգրավվածությունը բիզնեսում ավելանում է։ Սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող զրուցակիցներս փաստում են՝ կին լինելու հանգամանքը որևէ լրացուցիչ դժվարություն չի ստեղծել։

Լենա  Հարությունյանն է փաստում․ «Ինձ օգնում է իմ ամուսինը, սա ձեռնարկատիրական, ընտանեկան բիզնես է։ Բայց իմ շրջապատում չեմ նկատել անհավասարություն։ Ուզում եմ, որ իմ շրջապատում նման դեպքեր չլինեն»։

Շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ-այս 8 չափորոշիչներով են բնորոշվում գործարար կնոջ հիմնական ազատությունները՝ ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, որն ունի «Կանայք, բիզնեսը և օրենքը 2020» խորագիրը: Հայաստանին վերաբերող մի քանի թիվ բերեմ զեկույցից.  շարժունակության չափանիշ՝ 100 միավոր, աշխատանքի տեղավորում ՝ 50, վարձատրություն՝ 75, ամուսնություն ՝ 100, բիզնեսի վարում ՝ 75 և այլն:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանը 82.5 միավորով 69-րդ տեղում է՝ աշխարհի 190 երկրների շարքում, և գրանցած ցուցանիշով առաջինն է՝ ԵԱՏՄ երկրներից: Առավելագույն միավորը 100-ն է: 2019–ին մեր երկիրը ունեցել է  83.13 միավոր։ Ցուցանիշի անկման վրա ազդել է միայն աշխատանքի անցման ցուցիչը, փոխարենը ավելացել է ամուսնությանը ցուցիչը։  Վարկանիշային աղյուսակում 100 միավոր ունեն 7 երկրներ՝ Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը և Շվեդիան։

Back to top button