ԿարևորՀասարակություն

ԵԽ պատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսի ներկայացուցիչ Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ բոլոր հիմնական խմբակցությունների 30 պատգամավոր հրատապ հարցում են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին:

Եվրապատգամավորները ցանկանում են իմանալ, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի գերեվարած հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիների և կանանց վերադարձն ապահովելու համար:

«Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 2020 նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը»,- նշել են պատգամավորները:

Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն՝ հայ ռազմագերիների հարցի չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանից հայցե՞լ է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը, և եթե այո, ապա ի՞նչ տեղեկություն է տրամադրվել:

Back to top button