ԿարևորՀասարակություն

Տեր-Պետրոսյանը ողջունում է զինվորականության զուսպ պահվածքը, քննադատում՝ որոշ գործիչների հայտարարությունները

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում «Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով» վերնագրված հրապարակման մեջ նշել է, թե իր համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը:

«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու», — նշել է առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանը ողջունել է «զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմաբ»: Նման պահվածքը ՀԱԿ ղեկավարը գնահատել է, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և «երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը»:

«Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն)», — ընդգծել է Լևոն Տոր-Պետրոսյանը:

Հայաստանի առաջին նախագահն ընդգծել է, որ ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը:

Ցուցադրել ավելի
Back to top button