ԿարևորՀասարակություն

Տեխնոլոգիաներն «ազատագրել» են կնոջը, տղամարդիկ` նրան ավելի ակտիվ դարձրել

Կատարելության ձգտող,  ընտանիք-աշխատանք հարաբերությունները ճիշտ կազմակերպող, ավանդականի ու ժամանակակիցի ոսկե միջինը գտած․ սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանն այսպես է բնութագրում ժամանակակից հայ կնոջը։

Կարծում է, որ վերջին 20 տարիների վարքագծային փոփոխությունները ավելի շատ իրողություններով են պայմանավորվել, քան կնոջ ցանկությամբ։  

Առաջին պատճառն, ըստ սոցիոլոգի,  տղամարդկանց  աշխատանքային արտագաղթն  է։ Այն ստիպել է կնոջը զբաղվել աշխատանքով, որը վերապահված է տղամարդուն։ «Հայ կինն այսօր զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ, զուգահեռաբար մտածում է  ընտանիքի բարեկեցության մասին և հիմնականում  հաջողություններ է գրանցում»,-ասում է սոցիոլոգը։

«Կանայք այսօր ավելի ակտիվ են ընդգրկված քաղաքականության մեջ, ինչը նախկինում տղամարդուն էր բնորոշ։ Պատճառներից հիմնականը  արտագաղթն էր․ աշխատող տղամարդը մեկնեց արտերկիր, եւ տանը մնացած կինը սկսեց զբաղվել քաղաքականությամբ և ոչ միայն։ Այսինքն՝ շատ ոլորտներում բացակայող տղամարդու տեղը զբաղեցրեցին կանայք։  ՀՀ–ում կա աշխատուժի արտագաղթ, դեմոգրաֆիական խնդիր, հիշենք, որ այսօր ակտիվ է  90–ականների սերունդը, իսկ այդ թվականներին մենք պատերազմում  էինք և մեծաթիվ զոհեր ունեցանք։ Կանայք ակտիվ են, որովհետեւ տղամարդիկ են քիչ, եւ դա պայմանավորված չէ սեռական պատկանելիությամբ»։

Խոհանոցից՝ գրասենյակ, կենցաղից՝ քաղաքական ու հասարակական հարթակներ։ Վերջին  տասնամյակներին արձանագրված այս փոփոխության արդյունքները մասնագետներին զարմացնում են ։ «15-20 տարի առաջ կնոջ մասնակցությունը քաղաքական–հասարակական գործընթացներին զայրացնում էր, հետո՝ զարմացնում, այսօր որևէ արտառոց բան դրանում չկա»,–նշում է սոցիոլոգը եւ շեշտում՝ կնոջ դերի ակտիվացմանը նպաստել է նաև տեխնոլոգիաների զարգացումը․ կենցաղային հոգսերի թեթևացումը  կնոջը հնարավորություն է տալիս  ժամանակն ու ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել ։

«Նախկինում տնային տնեսություն վարելը ուժ ու ջանք էր պահանջում, չկային դյուրին միջոցներ՝ լվացքի ավտոմատացված մեքենա, սպասք լվանալու, սննդի լայն ընտրություն եւ առաքում։ Այսօր ընտանիքից դուրս կնոջ ներգրավվածությունը այդքան էլ չի ազդում ավանդական պարտականությունների կատարման վրա։ Աշխատանք եւ ընտանիք  համատեղելիությունն այսօր  հնարավոր է, արդյունքում չի տուժում ոչ ընտանիքը, ոչ աշխատանքը»։

Ըստ սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի՝ հայ  կինն այսօր հավասարը հավասարի պես մրցակցում է եվրոպացի կնոջ հետ, տեղ-տեղ գերազանցում  նրան։ Մեկ հարցում չի փոխում մոտեցումը՝ շարունակում է առաջնային համարել  ընտանիքը։

«Չնայած ընդունելի եւ անընդունելի կողմերին՝ ազգային ավանդույթները չեն մերժվում, իսկ հասարակական կարծիքը, որը ժամանակին գերակա  էր եւ թելադրող, այսօր նույնքան պարտադրող չէ»,–ասում է Ադիբեկյանը եւ շեշտում՝ հայ կինը պահում է ազգային ավանդույթները՝ բարեփոխելով դրանք, իսկ ընտանիքի հոգսը մեղմում իր հնարամիտ որոշումներով։

Ցուցադրել ավելի
Back to top button