ԿարևորՀասարակություն

Հայկական հագուստը «խելացի» է և նորաձև

Տասը տարի՝ կենսաբան, տասը տարի՝ նորաձևության ոլորտում. Մանե Մխիթարյանը մի օր որոշեց համադրել գիտությունն ու նորաձևությունը և ստեղծեց խելացի հագուստ։ «Գիտելիքը նորաձև է». նորաստեղծ Botany, հայերեն՝ «բուսաբանություն» ինովացիոն բրենդի կարգախոսն է, Մանե Մխիթարյանը UCAN նորաձևության կենտրոնի տնօրենն է, Botany-ն ստեղծել է վերջերս՝  2021-ի հունվարին:

«Botany-ն ինովացիոն տարրերով հագեցած առաջին հայկական բրենդն է։ Հագուստի վրա պատկերված են կենսաբանության հետ կապված նկարներ, և ոչ միայն կենսաբանության, նաև գիտության մնացած ճյուղերի՝ պատմություն, ֆիզիկա, արվեստ  և այլն։ Յուրաքանչյուր հագուստի վրա կա QR կոդ, և եթե սմարթֆոնով անցնեք այդ կոդով, կգտնեք բազմապիսի ինֆորմացիա տվյալ նկարի մասին»,-պատմում է Մանե Մխիթարյանը։

Կենսաբան — դիզայների մտքով անցել է անգամ երկիր մոլորակին նոր ձև տալ. դարձնել այն անձև և անգույն ՝ նախակենդանի ամեոբայի նման: Սա նորաձևության թերևս ամենաանհնար գաղափարն է՝ փոխել երկրագնդի հին ձևը նորով։ Իսկ հին հագուստին տալ նոր ձև՝ միանգամայն հնարավոր է և անգամ օգտակար կենսաբազմազանությանը։ Հայկական «Նաիրե» բրենդի հիմնադիրներ Արմենուհի և Նաիրուհի Առաքելյանները մտահոգված են շրջակա միջավայրի հարցերով:

«Փորձելու ենք այնպես անել, որ նորաձևությունը շատ վնաս չտա շրջակա միջավայրին։ Կտորի վերամշակումը արտադրամասերում, հատկապես եթե սինթետիկ է, ներկելիս այդ ներկաջրերը շրջակա միջավայրին վնաս են հասցնում, կամ երբ հագուստը թափում են, երկար ժամանակ է պահանջվում, որ այն վերանա։ Փորձելու ենք զարգացնել հին հանգուստից նորը ստանալու մշակույթը, թեպետ արդեն սկսել ենք, հին ջինսերից նոր պայուսակներ ենք կարում»,-ասում է Արմենուհի Առաքելյանը։

«Botany»-ն դեռ միայն օնլայն, «Նաիրե»-ն նաև՝ Ազգային մոլում կարելի է գտնել։ Իսկ նրանց մեկտեղ, միասին կարելի է հանդիպել «Հայկական» հարթակում։  Հարթակի հիմնադիր Մեսրոպ Եսայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ ստեղծվել են 2020-ի մայիսին, համավարակի ամենասաստիկ օրերին: Երբ տեղական փոքր արտադրողների աշխատանքը լուրջ վտանգի տակ էր, որոշեցին ստեղծել մի հարթակ, որտեղ կներկայացվեր բացառապես հայկական արտադրանք։ Հարթակի նպատակն է ցույց տալ հասարակությանը, որ հայկական արտադրանքը որակյալ է, գեղեցիկ և ոչ թանկ.

«Տարածված սխալ կարծիք կա, որ հայկական արտադրության հագուստը թանկ է: Ո՛չ, այդպես չէ: Կան հայկական էժան, միջին և թանկարժեք ապրանքներ։ Կան նաև մարդիկ, որոնք մտածում են՝ եթե հայկական է, ուրեմն, պիտի շուկայականից էժան լինի, բայց այդպես չէ, հայկական արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյան բրենդերին և ունի իր արտադրանքին համարժեք գին, ինչպես ասացի՝ և՛ էժան, և՛ միջին, և՛ թանկ»,-ասում է Մեսրոպ Եսայանը։

«Հայկական» հարթակի թիմն արդեն մի քանի անգամ ստեղծել է Armenian Look, մոդելը կրում է բացառապես հայկական հագուստ և աքսեսուարներ, ցույց տալով, թե որքան գեղեցիկ և նորաձև է հայկականը:

Մեսրոպ Եսայանը մանրամասնում է. «Առաջիկայում կունենանք գարնանային լուք, հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, ուղղակի, ի ուրախություն մեզ՝ այնքան շատ են արդեն հայկական բրենդերը, որ մտածում ենք միաժամանակ մի քանի լուք ստեղծել, օրինակ ամենաօրյա, երեկոյան և այլն»։

Արձանագրում ենք՝ հայկական հագուստը նորաձև է, խելացի է և հետաքրքիր, ինչպես հայ կինը։

Ցուցադրել ավելի
Back to top button