ԿարևորՄշակույթ

Գյումրու դրամատիկականում 2021-ին դրամաներ չեն լինի, կբեմադրվեն միայն կատակերգություններ

Գյումրու դրամատիկականում գտել են ստեղծված իրավիճակը հաղթահարելու սեփական տարբերակը․2021-ին բեմադրելու են թեթև գործեր, դրամաներին տուրք չեն տալու, ավելի շատ խոսելու են սիրո ու համերաշխության մասին։ Թատրոնն այս մոտեցմամբ է սկսում 155-րդ եթերաշրջանը։ Երեկ Գյումրու դրամատիկականում առաջնախաղ էր։

Գյումրու դրամատիկականը 155-րդ թատերաշրջանը սկսում է «Քեյսը» ներկայացմամբ։ Դահլիճը լեփ լեցուն է, հանդիսատեսը  տեղավորվել է նաև  աստիճաններինն : Վերջապես բացվել են բեմի՝ երկար փակ մնացած վարագույրները:  2021-ին Գյումրու դրամատիկականում ավելի շատ կատակերգություններ են բեմադրվելու՝ ասում  է թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։

«Թատրոնի խաղացանկը պիտի լինի ավելի պարզ, թեթև, ավելի շատ կատակերգություններ կլինեն, ավելի շատ կխոսենք սիրո, համերաշխության մասին: Գոնե թատրոնը պետք է փորձի դրական լիցքեր փոխանցել հանդիսատեսին, դրա համար սկզբունքորեն դրամաներ չենք պատրաստվում բեմադրել 2021-ին»: 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի ու երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի պիեսը՝ «Քեյսը», փողի փորձությանը դիմանալու մասին է, այն մասին,  թե ինչպես է  այն փոխում  մարդկային դիմագիծը։ Ներկայացման հերոսն այդ փորձության առաջ կանգնած արվեստագետն է՝ ասում է ռեժիսորը։

«Մենք բոլորս խորհուրդ ենք տալիս, մտնում ես ՖԲ, բոլորը խորհուրդ են տալիս, թե ինչ անենք, ոնց անենք։  Մեր հերոսն էլ է խորհուրդ տալիս,  բայց խորհուրդ տալը հեշտ է, իսկ ինչ ես անում դու, երբ հերթը քեզ է հասնում․ ներկայացումը հենց սրա մասին է: Խոսում ենք բարոյական արժեքների մասին, քանի դեռ մեր գրպանները դատարկ են: Բայց արդյո՞ք պահպանում ենք այդ սկզբունքները, երբ հնարավորություններն ավելանում են»:

Մենք պարտավոր ենք ստեղծագործել՝ ասում է Լյուդվիգ Հարությունյանը։  Պատերազմի ընթացքում հարազատի կորստի վիշտը սրտում՝ նա փորձում է թատրոնում ու քաղաքում տրամադրություն փոխել:

«Որովհետև թատրոնը բուժում է, իմ օրինակով վստահ կարող եմ ասել: Այս պահին ինձ համար շատ կարևոր, շատ մտերիմ 2 երիտասարդ գերի են, բայց ես ստեղծագործում եմ:  Ինչ է նշանակում՝ ես ոչինչ չանեմ ու ասեմ՝ պարտվել եմ: Ոչ, ես հավատում եմ, իմ խմբի հետ ես պիտի աշխատեմ:  Վստահ եմ, որ մեր տղաները հետ են գալու, ու վաղն ավելի լավ է լինելու»:

2021-ին Մհեր Մկրտչյան փոքր բեմն են վերանորոգել, ավելի ժամանակակից  ոճով կահավորել, մարտի 13-ին էլ առաջին ներկայացումը կբեմադրեն: Այս տարի Հայաստանի սահմաններից  դուրս գալ չեն կարողանա, բայց հյուրախաղերով մայրաքաղաք ու մարզեր կմեկնեն:

Ցուցադրել ավելի
Back to top button