Ծովահայեր

Սևանը՝ նոր հասցե աշխարհահռչակ PADI-ի քարտեզում․ «Ծովահայեր»

Եթե ուզում եք տեսնել ջրային աշխարհի առեղծվածները՝ ջրասույզ հուշարձաններ, նավեր, ինքնաթիռներ ու նույնիսկ ամբողջական քաղաքներ, ապա, ինչքան էլ գումար առաջարկեք, սուզորդ զբոսավարները ձեզ չեն ուղեկցի, եթե չունեք համապատասխան պատրաստվածություն: Առավել մեծ խորություններն ու «դժվար ջրերը» հատուկ պատրաստություն են պահանջում: 

Միջազգային մի շարք կազմակերպություններ մասնագիտացել են սուզորդներ պատրաստելու և սուզորդական վկայականներ տրամադրելու գործում, ինչը աշխարհի տարբեր ծովերում սուզվելու ուղեգիր է: 

Չնայած «ԱՅԱՍ» ակումբում ստացած իմ սուզորդական վկայականն ինձ հնարավորություն տվել է սուզվել տարբեր ծովերում, բայց որոշում եմ PADI ընկերության միջազգային սուզորդական վկայական էլ ձեռք բերել:

1967թ.ից գործող ու անընդհատ զարգացող ընկերությունն արդեն 27 մլն սուզորդ է պատրաստել ու վերապատրաստել, աշխարհի 186 երկրում 6600 կենտրոն ու ավելի քան 137 հազար մասնագետ ունի:

PADI-ի սուզորդական որակավորում ստանալու համար մեկնում եմ Եգիպտոս, Կարմիր ծով, որտեղ և տաք է, և գեղեցիկ, և կարող էս հանդիպել աշխարհի տարբեր երկրներից ժամանած սուզորդների հետ, զրուցել ու ծանոթանալ նրանց փորձին: Հիմնական նպատակս՝ Սինայի թերակղզում մի փոքրիկ քաղաքի՝ Դահաբի ափին գտնվող աշխարհի սուզորդներին քաջածանոթ երկնագույն իջվածքում սուզվելն էր։ Այն հայտնի է «Blue hole» անունով:

Դահաբ թարգմանաբար նշանակում է ոսկի։ Լեգենդներ են պատմում, թե Դահաբում մի ժամանակ ամեն քայլափոխի կարելի էր ոսկի գտնել ավազների մեջ, ծովում: Մեր օրերում, սակայն, Դահաբին ոսկով ապահովում են սուզորդ զբոսաշրջիկները, որոնք հաշվի չառնելով ֆինանսական ոչ մի խոչընդոտ, գալիս են աշխարհի տարբեր կողմերից: Երբեմն ծովում ավելի շատ սուզորդ կտեսնես, քան` ցամաքում մարդ:

Երկնագույն իջվածքում կամ, որ ավելի հայտնի է, «Blue hole»- ում իմ նախընտրած երթուղով անցնելը, պարզվում է, հատուկ պատրաստություն էր պահանջում և համապատասխան վկայականների փունջ:

Սկսում եմ պարապմունքներս Անդրեյ Չեռնյաևի հետ։ Որոշում են օպտիմալացնել ժամանակն ու միանգամից 2 կուրս անցնել, Advanced open water և deep water որակավորմամբ։ Ինչքան ավելի տքնաջան էին տեսական դասերը, այնքան ավելի հաճելի էին դառնում գործնական պարապմունքները։ Օրինակ՝ ինչպե՞ս ջրերի հատակին գտնել կորած իրերն ու վեր բարձրացնել, կամ ինչպե՞ս կողմնացույցի օգնությամբ հաշվարկելով անկյուններն ու հեռավորությունը կարողանալ ճշգրիտ կոորդինատներ ընտրել։

Մեկ այլ ափում լողայնության հղկման համար երկաթյա երկրաչափական պատկերներ են և, իհարկե, հետաքրքիր արձաններ, որ ստորջրյա պարապմունքներն ու զգացողություններն ավելի տպավորիչ դառնան։

Շատ հետաքրքիր է գույների ընկալման փոփոխությունը տարբեր խորություններում։ Որպեսզի ավելի ցայտուն երևա, կապել եմ վարդագույն գլխաշոր։

Մինչև 10 մետր խորությունում այն դեռ վարդագույն է, այնուհետև՝ հետզհետե խորանալով փոխվում է նաև գլխաշորիս գույնի ընկալումը և 25-30 մետրի վրա մենք այն կապույտ ենք տեսնում։ Զարմանալի է ջրային աշխարհը։

Ի զարմանս ինձ՝ Դահաբում հանդիպում եմ ծանոթներիցս մեկին՝ սուզորդ Գրիգոր Ավետիսյանին։ Նա «Արմդայվինգում» ընտրել է սուզորդական կարիերան և շարունակական վերապատրաստումներ է անցնում։ Գրիգորը հրահանգչի հմտություններ էր ձեռք բերում, որ PADI-ի սուզորդական վկայական ձեռք բերելու համար հայ սուզորդները հավելյալ գումար, ժամանակ ու տարածություն չվատնեն, այլ հնարավորություն ունենան սովորել ու վկայական ստանալ հենց Սևանում, իսկ Կարմիր կամ տարբեր ծովեր գնան ուղղակի վայելելու։

Հետո՝ մեզ է միանում «Արմդայվինգի» ղեկավար Տիգրան Ազիզբեկյանն ու լավ նորություն հայտնում. Շուտով Սևանը կդառնա նոր հասցե աշխարհահռչակ PADI սուզորդական կազմակերպության  քարտեզում:

Ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ սուզորդական վկայական և ինչպե՞ս է մեր երկիրն այս ոլորտում իր դիրքերն ամրացնում աշխահի առաջատար երկրների կողքին՝ ծանոթացեք տեսանյութում:

Ցուցադրել ավելի
Back to top button