Ծովահայեր

Խխունջների ծննդատունն ու միլիոնավոր տարիների մարջանները․ «Ծովահայեր»

Միլիոնավոր տարիների հետքն ու ծովային աշխարհը, ահա թե ինչն է կապում միմյանց հետ Հայկական լեռնաշխարհն ու Կարմիր ծովը։ Գիտնականները գուցե թե, կամ ավելի ճիշտ, հստակ կարող են չհամաձայնել ինձ հետ։ Իրենց փաստերն են հետաքրքրում, ինձ՝ զգացողությունները։

Կարմիր ծովի ափին մի պահ փորձում եմ պատկերացնել, որ Հայաստանի պատմական տարածքում էլ ինչ- որ ժամանակ եղել է ստորջրյա հարուստ ու գունեղ աշխարհ, ինչպես օրինակ՝ Կարմիր ծովում է։

Ստորջրյա աշխարհի գունեղ տեսարաններից ու բազմազան ձկներից շունչդ կտրվում է։ Ծովի տակ այս բառը կորցնում է իր փոխաբերական իմաստը։ Ու ընդհանրապես անդրծովյան աշխարհում իրականն ու փոխաբերականը հառնվում են իրար։

Կարճ ժամանակ անց նաեւ ընկերներ եմ ձեռք բերում։ Առաջին հայացքից թվում է իրար լեզու չենք հասկանում, ամեն մեկս լողում ենք մեզ համար։ Բայց մարդ արարածս սեւ, գեղեցիկ ձուկն էլ իր կարմրաարծաթագույն հագուստով գրավում ենք իրար, քիչ հետո սկսում միմյանց մտքեր կարդալ, ծովային հաղորդակցությունը ամենեւին նման չէ ցամաքայինին, էլ չասեմ՝ լեռնայինին։

Մարջանների կամ կորալ անվամբ ստորջրյա լանդշաֆտների գեղեցկությունն էլ միայն՝ անիրական, կախարդական աշխարհի պատրանք է ստեղծում և փոխադրում ուրիշ իրականություն։

Աննկարագրելի է մարջանների գեղեցկությունը։ Ու չգիտես, թե ինչ են դրանք՝ բույսե՞ր, թե՞ կենդանիներ։ Կենդանաբանները կասեն՝ կենդանի օրգանիզմներ են, սնվում են պլակտոնով, որոշ տեսակներ՝ մանր խեցգետնակերպերով ու նույնիսկ մանր ձկներով։  

Բայց դա էլ կարեւոր չէ, քանի որ նրանց գունեղ պատկերներին նայելով՝ հիշում ես Սեւանում ստորջրյա ճանապարհորդությունդ։ Իհարկե, Սևանում մարջաններ չես փնտրի, բայց մի քանի տարի առաջ, երբ սուզորդ Վահե Մելքոնյանի հետ փորձում էինք տեսնել, թե ինչ կա 30 մետր խորության վրա, համատարած ավազային ծածկույթի վրա մի փոքրիկ գոյացություն տեսանք։ Մտածեցի՝ հնարավոր է մարջան է կամ․․․ Երբ դուրս բերեցինք ուսումնասիրման համար՝ ավելի շուտ բյուրեղային գոյացության էր նման։ 

Թե ի՞նչ է եղել մեր երկրի տարածքում անհիշելի ժամանակներում՝ վկայությունները երկրաբանության, կենդանաբանության, բուսաբանության ու հնագիտության ինստիտուտններում են։ Ի՞նչ կարող են պատմել հազարամյակների հնությամբ գտածոները մեր երկրի տարածքի մասին։  

Օրինակ՝ Գորիսից հայտնավերված հսկայական խխունջը։ Ի զարմանս ինձ՝ մեր հարգարժան գիտնականներից մեկը կեսլուրջ — կեսկատակ ասաց, որ վերջին տարիներին Տավուշի մարզում հնագիտական պեղումների ժամանակ «խխունջների ծննդատուն» են հայտնաբերել։ Այդպես են անվանել, քանի որ այդքան խխունջ՝ 265 հատ, մի վայրում դեռ չէր հանդիպել։

Ամեն մի նոր գտածո նոր հարցեր է առաջացնում, որոնց լուծումը փնտրում են գիտնականները։ 

Խխունջների ի՞նչ «ծծնդատան» մասին է խոսքը, ի՞նչ է բացահայտում Գորիսից հայտնաբերված հսկայական խխունջը. «Ծովահայերի» տաղավարում այս ու էլի շատ այլ հարցերի  պատասխանները տալիս են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի խխունջաբան Լաուրա Հարությունովան և  հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայաստանի վաղ հնագիտության բաժին գիտաշխատող Իրեն Քալանթարյանը։    

Ցուցադրել ավելի
Back to top button