ԿարևորՀասարակություն

Մինչ օրս չի մատնանշվել գեթ մեկ կոնկրետ օրինակ, որ գործող Սահմանադրությունը ճգնաժամային ռիսկեր է պարունակում․ Վարդան Պողոսյան

Արտահերթ ընտրությունների հավանական սցենարից բացի վարչապետն օրերս հայտարարեց նաև հոկտեմբերին սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր՝ կիսանախագահական կառավարման համակարգ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործող Սահմանադրությունը ճգնաժամային ռիսկեր է պարունակում։  Իսկապես նման խնդիր առկա է և, առհասարակ,  2015-ին ընդունված Սահմանդրությունը  կիրառման ընթացքում ինչպիսի խնդիրներ  բացահայտեց հենց այսպիսի՝ ճգնաժամային իրավիճակներում։ Մեր հարցերին սահմանադրագետ  Վարդան Պողոսյանն է պատասխանել։

Մարտի մեկի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով  նոր Սահմանադրություն ընդունելու, կամ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին՝ մասնավորապես ընդգծելով  կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու  հնարավորությունը։ 

Վարչապետը նշեց, որ գործող Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում։

 «Ինքը արդեն իսկ իրեն հակասում է, երբ՝ մի կողմից հայտարարում է, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների, մյուս կողմից ասում է, որ հոկտեմբերին ուզում է հանրաքվե անցկացնել։ Այսինքն՝  նա  վստահ է, որ արտահերթ ընտրություններից հետո նորից լինելու է վարչապետ և կարողանալու է այդ ամենը իրականացնե՞լ։  Նույնիսկ եթե վստահ է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է, ի՞նչ իմաստ ունի հոկտեմբերին նորից հանրաքվե անցկացնել, կտրուկ կերպով փոխել կառավարման համակարգը»,-ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե  խորհրդարանական համակարգը առաջացնում է բազմաթիվ ռիսկեր ու ճգնաժամային իրավիճակներ, Վարդան Պողոսյանը հակադարձում է․

«Տվյալ դեպքում ապացուցման բեռը կառավարության վրա է։ Նման որևէ կոնկրետ օրինակ մինչ օրս չի մատնանշվել»։

Back to top button