Ստարտափ Հայաստան

Երբ հագուստները խոսում են քիչ խոսվող հայերենով․ «Ստարտափ Հայաստան»

Մանե Մուսայելյանը իր կարած հագուստների վրա տեղադրում է արևմտահայերենով, միջին հայերենով ու գրաբարով բանաստեղծությունների տողերը։

Մասնագիտությամբ թարգմանիչ-գործավարի բիզնես գաղափարի հիմքը արևմտահայերենն է։ Մանեն հագուստներ է կարում և դրանց վրա նկարում, բայց որպեսզի շուկայում իր ուրույն տեղը կարոողանա գտնել և մրցակցությունից դուրս չմնալ, որոշել է հագուստների վրա օգտագործել արևմտահայերենով գրված մեր շատ գեղեցիկ բանաստեղծությունները։

Մանեն սկզբից նկարել է հանրահայտ նկարեր, հետո հասկացել է, որ դա ինքնատիպ չէ, կրկնօրինակելը չի տարբերելու և որպես հեղինակ չի առանձնացնելու շուկայում։ Հետո սկսել է սեփականը նկարել։

Խոստովանում է, որ վաղուց է տարված եղել արևմտահայերենով ու միջին հայերենով, ժամանակի ընթացքում էլ զգացել է, որ նկարելը իրեն ավելի հոգեհարազատ է, քան` թարգմանչի գործը, և որոշել՝ սա լավ առիթ է գեղեցիկ հայերենը մատուցելու ինքնատիպ ոճով։

Իհարկե, արևմտահայերենը գեղեցիկ է, բայց մենք կարծես թե այդքան էլ չենք հաշտվում առօրյայում գործածելու հետ։ Հաճախ խորթ է թվում այդպես խոսելը կամ էլ այդպես խոսքը լսելը։ Մանեի աշխատանքի ընթացքում էլ դեպքերը պակաս չեն եղել, որքան էլ փորձել է համոզել, որ նույն գրվածքը կարելի է նաև արևմտահայերենով անել, մեկ է, չեն ցանկացել։

Մանեի բիզնեսում իրենց մեծ դերն ունեն ընտանիքի անդամները, սիրած տղամարդը և ընկերները։ Նրա խոսքով, կարևոր է, երբ նոր սկսվող գործի ժամանակ քեզ ոգևորում են ոչ միայն խոսքերով, այլև գործով, ինչպես իր հարազատները, և կարճ ժամանակում հաջողության հասնելու գրավականներից մեկն էլ հենց դա է։

Գրեթե զրո դրամով ստեղծված ևս մեկ բիզնես պատմություն այսօր խոսքից դարձել է գործ։ Մանեի պլանները կապված են Հայաստանի հետ, փաստում է, որ Հայաստանում միջավայրը լավն է, Հայաստանը սիրում է ստեղծագործ և նպատակասլաց երիտասարդներին։ Մնում է երկիրն ու մարդիկ նույն «լեզվով խոսեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button