Ժամանակի վկան

«Ակօս» թերթի պատմությունն սկսվում և ավարտվում է Հրանտ Դինքով․ Էլինա Միրզոյան․ «Ժամանակի վկան»

«Հայկական թեմատիկան «Ակօս»-ի հրապարակախոսությունում (1996-2007 թթ.) Հրանտ Դինքի խմբագրապետության տարիներին» խորագրով թեման քննարկում ենք բանասիրական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Էլինա Միրզոյանի հետ։

Այն որպես գիտական ատենախոսություն հեղինակը պաշտպանել է ԵՊՀ-ում, 2015 թ․-ին։ Թեման այժմեական է, քանի որ հետազոտությունում բարձրացված խնդիրներն այսօր էլ օրակարգային են պոլսահայ համայնքում։

Էլինա Միրզոյանը, որը քաջատեղյակ է 90-ականների պոլսահայ մամուլի պատմությանը, համաձայն չէ որոշ շրջանակներում տարածված այն կարծիքի հետ, թե նշված ժամանակահատվածում պոլսահայ մամուլը «խեղճ և ամոթալի» վիճակում էր։

Էլինա Միրզոյան

«Ակօս» շաբաթաթերթի հրապարակ իջնելը գլխավորապես պայմանավորված էր պոլսահայ համայնքի հասարակական պահանջմունքով, որը, կարելի ասել, վերածվել էր կենսականի։

«Ակօս»-ի խմբագրատան առջև՝ մտավորականների հետ

«Ակօսի» հրապարակմանը նախորդեց երկու տարվա նախապատրաստական աշխատանքը․ դրանք ամենօրյա հանդիպում- քննարկումներ էին թե՛ ընկերների տներում, թե՛ սրճարաններում։

Չնայած «Ակօսի» մասին առաջին գնահատականները և կարծիքները դրական չէին նույնիսկ հայկական շրջանակներում, սակայն թերթի գլխավոր գործառույթը միտված էր հայրենախոսության օրակարգային խնդիրը լուծելուն։

«Ակօսի» գլխավոր նպատակներից էր ոչ միայն թուրք հասարակության մեջ պոլսահայ համայնքի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելը, այլև իսլամացած հայերին իրենց ազգային արմատներին վերադարձնելը։

«Ակօս» պարբերաթերթը դարձավ Հրանտ Դինքի լրագրողական գործունեության պսակը։ Դրանում անժխտելի դեր ունեցավ ո՛չ միայն նրա հասարակական-քաղաքական ակտիվությունը, այլև Դինքի՝ որպես կենսափիլիսոփայի մասնագիտությունը։

Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» շաբաթաթերթը Թուրքիայում իրավամբ դարձավ համատարած լռության մեջ բազմաձայնության հարթակ։

«Ակօս» պարբերականի ամենակարևոր դերը ցեղասպանության թեմայի վերաբերյալ Թուրքիայում եղած տաբուն կոտրելն էր և այն հրապարակային քննարկման դաշտ վերադարձնելը։

Դինք եղբայրները

Թեև Հրանտ Դինքը չզբաղվեց գիտությամբ, բայց դա չխանգարեց, որ նա իր գործունեությամբ հավատարիմ մնա գիտությամբ զբաղվողների մասին իր պատկերացմանը, «երբեք չխախտել գիտականության բարոյականությունը»՝ «Ակօսը» ազգային ինքնության բացահայտման յուրահատուկ միջոց և հարթակ դարձնելով։

Հրանտ Դինքի կենսափիլիսոփայությունը լավագույնս արտահայտվեց «Ակօսի» այն հրապարակումներում, որոնք համարձակորեն բարձրաձայնում էին արտաքին և ներքին ինքնության խնդիրները։

Հրանտ Դինքը մոր՝ Նվարդի հետ

Էլինա Միրզոյանը չնայած որ հետազոտությունն իրականացնելիս չի եղել Թուրքիայում, սակայն դա բոլորովին չի խանգարել գտնելու իր գիտական հետաքրքրություններին առնչվող բոլոր նյութերը, ուսումնասիրել «Ակօս»-ի համապատասխան համարները։

Ցուցադրել ավելի
Back to top button