ԿարևորՀասարակություն

Սպարապետ Վազգեն Սարգսայանն այսօր կդառնար 62 տարեկան

Այսօր ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսայանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 62 տարեկան։ Վազգեն Սարգսյանի մտերիմները հաճախ են կրկնում՝  նրա միակ սերը հայրենիքն էր, իսկ սիրո պտուղը՝ հայոց բանակը: Նա հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ:

Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ:

Մտավորականից զինվոր դառնալու ճանապարհը նա անցավ չափազանց արագ, քանի որ մեզ  պարտադրված պատերազմը զինվոր էր պահանջում, իսկ սպասելու ժամանակ չկար։ «89-ին մեր առաջին հանդիպման ժամանակ հասկացա, որ գործ ունեմ զինվորական գործից շատ հեռու անձնավորության հետ, ընդամենը կես տարի անց ես հանդիպեցի բոլորովին ուրիշ Վազգեն Սարգսյանի»,- պատմում է ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը․

«Վազգենն աճում էր օրեցօր, ինքը հասկանում էր, որ դրա վրա անպայման ժամանակ պիտի ծախսի։ Ես չգիտեմ՝ դա քնի հաշվին էր, ինչ հաշվին էր, ես չեմ հանդիպել որևէ մարդու, որ ասի՝ Վազգենին սովորեցրել  եմ այս կամ այն տակտիկական գործողությունը ոնց է լինում, բայց Վազգենն արդեն դարձել էր զորավար, զորավար, որը մեր ուժային կառույցներին ու կամավորականներին տանում էր դեպի հաղթանակ»,– նշում է Վարդանովը։

«Վազգենը չափազանց շատ էր գնահատում ազատամարտի իր բոլոր ընկերներին, իսկ ճանապարհելիս անպայման զգուշացնում էր՝ մտքներովդ չանցնի զոհվել։ Ամեն ինչ արեք ողջ մնալու համար, բայց քաջությամբ»,-պատմում են Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները։ Գարեգին Նժդեհ ջոկատի հրամանատար Մանվել Բատիկյանն ասում է՝ Վազգենը խիստ յուրահատուկ  վերաբերմունք ուներ զինվորի նկատմամբ և չափազանց ծանր էր տանում յուրաքանչյուրի մահը։

Ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին։

«Բանակը ազգային ինքնաճանաչողության հայելին է ու հայացքը՝ ապագային։ Բանակը, թերևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը»,- ասում էր Վազգեն Սարգսյանը:

Հայոց բանակն իսկապես Վազգեն Սարգսյանի դավանանքն էր ու հպարտությունը, բայց բանակի խորհրդանիշ դարձած Սպարապետն ավելի վաղ իր տեղն ու դերը փնտրում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ  գրականության անդաստանում:

Արցախյան պատերազմն էր, որ արձակագիր Վազգեն Սարգսյանին զինվոր դարձրեց։ Ըստ ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի՝ հայ գրականության համար դա մեծ կորուստ էր, չնայած ազգային այն մեծ գործին, որը Վազգեն Սարգսյանը հասցրեց անել  իր կարճատև կյանքի 40 տարիների ընթացքում։

«Պարզ թվացող մարդ էր, բայց բարդ խորք ուներ , որ պիտի ընկալվեր։ Գնալով նրա պահանջն ավելի մեծ է լինելու»,-ասում է Միլիտոնյանը։

Դրամատտուրգ Կարինե Խոդիկյանը Վազգենին հիշում է նախ և առաջ որպես հին գարունական: «Նրա լավագույն պատմվածքները նախ «Գարունում» էին տպագրվում»,- ասում է։

«Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակացության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս։ Շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։ 21-րդ դարը մերն է լինելու»,- ասում է Վազգեն Սարգսյանը։

Back to top button