ԿարևորՔաղաքական

Ծառուկյանը կհանդիպի վարչապետին քաղխորհրդի նիստից հետո. ԱԺ-ում խոսել են արտահերթ ընտրություններից

Երբ և ինչ պայմաններով անցկացնել արտահերթ ընտրություններ, որ դրանք ընդունելի լինեն քաղաքական հիմնական դերակատարների համար: Այս թեման է այսօր քննարկվել խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: 3 խմբակցություններից երկուսում՝ «Իմ քայլում» և «Բարգավաճ Հայաստան»-ում, այս առումով դեռ անորոշություն է, երրորդը՝  «Լուսավոր Հայաստան»-ը, գտել է դեպի արտահերթ ընտրություններ տանող ճանապարհը և սպասում է, որ մյուս ուժերն էլ միանան իրեն:        

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ խորհրդակացություններ անցկացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մարտի 1-ին: Մարտի 4-ին նա հանդիպեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարին: Էդմոն Մարուքյանը, սակայն, հանդիպմանը սեփական պայմանն էր առաջ քաշել. այն է՝ վարչապետը հրաժարվում է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումից, իսկ ինքը՝ Մարուքյանը, հրաժարվում է վարչապետի թեկնածու առաջադրվելու  մտադրությունից: Համաձայնության չէին եկել: Լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանն ասաց. «Որ համաձայնություն լիներ, դուրս կգայի, կասեի՝ սիրելի լրագրողներ, ահավոր ուրախ եմ, եկեք գնանք մի տեղ նշենք, համաձայնություն կա: Որ դուրս եկա, ասի՝ չկա համաձայնություն, չէ՞»:

Համաձայնություն չկա, բայց փնտրտուքը շարունակվում է: Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելու միակ ճանապարհը արտահերթ ընտրությունն է. պետք է գտնել արտահերթ ընտրության գնալու՝ բոլորի համար ընդունելի տարբերակը: Մարուքյանն ասաց՝ իրենց գտած լուծումն առաջարկում են նաև մյուս քաղաքական ուժերին. «Ես ուզում եմ ասել, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է փնտրել լուծումներ երկիրն էս վիճակից հանելու համար: Էս պահին մեր կարծիքով էդ լուծումն այն առաջարկությունն ա, որը մենք արել ենք»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաև «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում են, բայց պետք է հստակեցվեն պայմանները,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Պայմանների վերաբերյալ խմբակցության պատգամավորները տեսակետներ ունեն, բայց ասացին՝ չեն հայտնի, քանի դեռ  կուսակցության քաղխորհուրդը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հարցը չի քննարկել: Իվետա Տոնոյանի խոսքով՝  հայտնի չէ՝ երբ, բայց քաղխորհուրդը հենց այդ հարցերին է անդրադառնալու: Պատգամավորն ասաց. «Մինչ այդ քննարկումը, քաղաքական խորհրդի ձևաչափում, անձնական դիրքորոշումներ՝ այս պահին մենք, այո, ձեռնպահ ենք մնալու ներկայացնելուց»:

Քաղխորհրդի նիստից հետո էլ Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին: Նրանց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած դեկտեմբերին: Այն ժամանակ ԲՀԿ նախագահը դեմ էր արտահայտվել արտահերթ ընտրություններին, եթե վարչապետը լինելու է Նիկոլ Փաշինյանը:  

Արտահերթ ընտրությունների անցկացման պայմաններից ասելիք չունեին նաև «Իմ քայլի» պատգամավորները: Սուրեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ լավ է, որ չկա փակուղային վիճակ, և հայտնվել է քննարկումներ անելու պատրաստակամություն. «Ակնկալելը, որ մի հանդիպմամբ միանգամից բոլոր լուծումներն ու հեռանկարները պարզ կլինեն, չեմ կարծում, որ արդարացի էր, որովհետև հարցը ինքնին բարդ է»:

Անկախ ընտրությունն անցկացնելու պայմաններից՝ հստակ է մի բան. «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ իրենք չենք գնա այնպիսի լուծման, որը կշրջանցի կամ կստորադասի ժողովրդի կամքը:   

Back to top button