ԿարևորՔաղաքական

Թբիլիսին հարթակ է առաջարկում՝ արցախյան հարցի վերջնական լուծման համար

Վրաստանի արտգործնախարարի Թուրքիա այցից հետո երկրում ակտիվացել են Երևանին ու Բաքվին երկխոսության հարթակ տրամադրելու և «3+3» ձևաչափով համագործակցության մասին քննարկումները։

Անկարայում Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թբիլիսին հարևանների համար կարող է դառնալ հակամարտությունը վերջնականապես կարգավորելու երկխոսության հարթակ։

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով Անկարայում էր թուրք գործընկերոջ հրավերով․ այցի օրակարգային հարցերը երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային նոր իրողություններ էին։

Պաշտոնական Թբիլիսին արդեն երկրորդ անգամ է հայտարարում՝ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին երկխոսություն սկսել Թբիլիսիում։

Պատերազմի օրերին վրացի մի շարք գործիչներ այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները կոչ էին արել իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել հարևանությամբ ընթացող աննախադեպ  պատերազմը կանգնեցնելու, երկու երկրների ղեկավարներին Թբիլիսիում ընդունելու համար։

Վրաստանի արտգործնախարարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ «պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել դեսկալացիային և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։ 

Ռազմական փորձագետ Դավիթ Մայիսայանը «Ռադիոլուրին» ասում է, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ, և «Թբիլիսին այսօր, քան երբևէ պետք է դառնա խաղաղության գոտի այդ լուրջ հակամարտության լուծման համար»։

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն, սակայն զգուշացնում է իշխանություններին՝  «լուրջ վտանգ կա, որ ինքներս կարող ենք դառնալ մեր դիվանագիտական ​​նախաձեռնության զոհը»։

Նա նաև ընդգծում է՝ Հայաստանում ու Ադրբեջանում Վրաստանին չեն վստահում՝ հիշեցնելով, որ պատերազմի օրերին Բաքվում կասկածում էին, թե Թբիլիսին զինամթերք ստանալու հարցում օգնում է Երևանին, հակառակն էլ Երևանից էր հնչում․

«Թբիլիսին կողմերին միայն կարող է առաջարկել ցանկության դեպքում բանակցություններ վարել Թբիլիսիում առանց վրացի քաղաքական գործիչների ու դիվանագետների մասնակցության»։

«3+3» ձեւաչափով համագործակցության մասին. Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի արտգործնախարարին թուրք գործընկերն Անկարա էր հրավիրվել՝ համոզելու մասնակցել այս ձևաչափով համագործակցությանը։

Հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և տարածաշրջանի մյուս երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի միջև համագործակցության հարթակ ձևավորելու մասին առաջին անգամ պատերազմի ավարտից հետո խոսել է Թուրքիան։

Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Վրաստանը մտադիր չէ մասնակցել մի համագործակցության, որում ներկայացված է նաև Ռուսաստանը։ Նա նաև ընդգծել է՝ հարավկովկասյան տարածաշրջանի ապագան պետք է որոշեն հարավկովկասյան երեք երկրները։

Back to top button