ԿարևորՀասարակություն

Ապառազմականացված անվտանգության գոտի Սյունիքում. ՄԻՊ-ի առաջարկը

Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝  այս եզրակացությանն ու առաջարկին է հանգել  Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը։  Առաջարկի հիմքում  օմբուդսմենի ուսումնասիրություններն ու վերլուծություններն են, միջազգային նորմերից եւ կոնկրետ փաստերից բխող  եզրահանգումները։

Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայատյացության քարոզն ու դրա խրախուսումը։ Սոցցանցերը հեղեղված են հայերի նկատմամբ ատելության խոսքով եւ սպառնալիքներով, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորականների շրջանում։

ՄԻՊ-ի գրասենյակը հավաքել և ուսումնասիրել է համացանցում տեղ գտած բազմաթիվ նյութեր։ Դրանք անառարկելիորեն փաստում են՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը, սպառնալիքները, ըստ էության, Իլհամ Ալիեւի բառապաշարի շարունակությունն են՝ նկատում է Արման Թաթոյանը։

Պաշտպանը դարձյալ շեշտում է՝ Սյունիքի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները կյանքի իրավունքի իրական վտանգ են ստեղծում, ևայս հանգամանքը պետք է  որոշիչ լինի սահմանանշումների համար։

 «Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ուժով սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք էլինեն մարդու իրավունքները։ Ընդ որում՝ սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ՝ պարտադիր պահանջ։ Հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները, եթե այս հիմքը չպահպանվի ամբողջ գործընթացի իրավաչափությունը տապալվում է միանգամից»,-ասում է պաշտպանը։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը լավատեսության հիմք չի տեսնում։ Նա նկատում է՝ հայերի հանդեպ ատելության խոսքն ու գործը խրախուսվում է Ադրբեջանի ամենաբարձր օղակներում։

«Նմանատիպ իրավիճակում գրեթե հնարավոր չէ խոսել ինչ-որ հաշտեցման մթնոլորտի ստեղծման մասին տեսանելի հեռանկարում, այլ ընդհակառակը՝ ըստ էության կան նախադրյալներ, ինչ-որ ժամանակահատվածում նոր բռնության ալիքի համար»,- նշում է վերլուծաբանը։ 

Միջազգային սկզբունքներին առնչվող խնդիրներ կան ոչ միայն Սյունիքում, այլ նաեւ Գեղարքունիքում։ Բազմաթիվ փաստերով ներկայացնելով խնդիրները, միջազգային նորմերի խախտումները՝ Արման Թաթոյանը կարծիք հայտնեց, որ այդ փաստաթղթերը պիտի օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ։ Հայաստանի օմբուդսմենը եզրահանգել է, որ այս իրավիճակում խնդրի լուծումը միայն Սյունիքում ապառազմականացված, անվտանգության գոտու ստեղծումն է՝ առնվազն 5-7 կմ տարածությամբ, ինչը եւ օմբուդսմենի առաջարկած նոր հայեցակարգի հիմքն է։

«Խոսում էինք խաղաղ գոյակցության մասին։ Ես համաձայն եմ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան. Իհարկե, պետք է խաղաղ ապրեն ազգերը, ժողովուրդները, բայց ես հարց եմ տալիս՝ այս պայմաններում դուք պատկերացնու՞մ եք խաղաղ գոյակցություն։ Հետեւաբար, այդ հարցերը պետք է լուծում ստանան, որովհետեւ առանց դրա միակողմանի խաղաղ գոյակցություն չի լինում՝ անընդհատ պատերազմի սպառնալիքի ներքո եւ արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ լսելով», -ասում է Արման Թաթոյանը։

Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ՄԻՊ-ի առաջարկած հայեցակարգը որոշ երկրներում կիրառվել է՝ վերջ դնելով բազմամյա հակամարտություններին, սակայն, նրա համոզմամբ, այս հակամարտությունն ունի իր յուրահատկությունը։

 «Ես մեծ ակնկալիքներ չունեմ, որ ՀՀ ՄԻՊ-ի այս առաջարկին Ադրբեջանը կարձագանքի, այսպես ասած, ծափողջույններով։ Ավելին ասեմ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ընկալումները Սյունիքի մարզում բոլորովին այլ հարթության մեջ են։ Այսինքն՝ նրանք դեռեւս ակնկալիքներ ունեն այստեղ՝ հողային, տարածքային, ճանապարհային։ Այն քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանը՝ անկանոն կրակ վարելը, օդ կրակելը, այստեղ – այնտեղ դրոշներ, ցուցանակներ տեղադրելը… այսինքն, հոգեբանական այդ գրոհը նրա համար է, որպեսզի այդ տարածքի բնակչությունը ինքնակամ լքի այդ տարածքը, որպեսզի իրենք կարողանան իրենց նկրտումները իրականացնել», -նշում է Կարեն Հովհաննիսյանը։

Հայաստանի օմբուդսմենն իր նոր հայեցակարգն առաջին հերթին հասցեագրում է միջազգային հանրությանը։Կարծում է, որ նրանց  ջանքերով Սյունիքում ապառազմականացված գոտու ստեղծումն իրատեսական է։ Հակառակ դեպքում՝ մարդու իրավունքների վերաբերյալ մինչ օրս ստեղծված բոլոր սկզբունքներն անիմաստ են դառնում ու ջուրն են լցվում ։ Քաղաքական հարցերը շարունակում են գերակայել մարդու իրավունքներին՝ ասում է Արման Թաթոյանը։

Կարեն Հովհաննիսյանը, սակայն, միջազգային կառույցների հետ հույս կապելն անիմաստ է համարում։ Հիշեցնում է մեր գերիների խնդիրը. «Պատերազմի ավարտից հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ տխրահռչակ հայտարարության մեջ հատուկ կետ կար գերիներին վերաբերվող, միջազգային կազմակերպությունները մինչեւ հիմա, կարելի է ասել, մատը մատին չեն տվել, որ գերիները վերադառնան։ Այսինքն՝ մարդասիրական առումով ոչինչ տեղի չի ունեցել, ուր մնաց թե՝ շատ կարեւոր լրջագույն հարցում, որն իրականում խաղաղության հիմք կարող է լինել, որեւէ, այսպես ասած, նախաձեռնություն ցուցաբերեն»։ 

Արման Թաթոյանը ասաց, որ իր առաջարկին արձագանք արդեն ստացել է։ Թե որ կառույցից, պաշտպանը չմանրամասնեց, քանի որ, նրա խոսքով, նման պայմանավորվածություն կա։ Ասաց միայն, որ լուրջ միջկառավարական կառույցից է արձագանքը։

Back to top button