ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական խրամատներ Որոտան գյուղի երկայնքով․ սյունեցիները մտահոգ են

Գորիս-Որոտան-Շուռնուխ ավտոճանապարհը հսկվում է  հայկական,  ռուսական և ադրբեջանական սահմանապահ զորքերի կողմից։  Որոտան գյուղի երկայնքով ադրբեջանցիները խրամատներ են փորում։ Մինչդեռ երբ գյուղի բնակիչները ցանկացել են ինքնապաշտպանական նպատակներով խրամատներ փորել, պատասխան են ստացել, թե այդ հատվածում խաղաղապահներն են,  ու  անվտանգային խնդիրներ չկան։

 «Մենք փաստացի տեսնում ենք, որ թշնամին խրամատավորվում է մեր գյուղի երկայնքով, որտեղ կանոնավոր զորք չկա կանգնած ու գումարած դրան մենք խոսում ենք տարածքների մասին, որոնք ոչ մի պայմանագրով, ոչ մի քարտեզով չեն պատկանել Ադրբեջանի հանրապետությանը»,-Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն է տարակուսում։

Պատերազմից առաջ խորը թիկունքում գտնվող բնակավայրերը վերածվել են առաջնագծի: Անվտանգային առումով Սյունիքում բարդ իրավիճակ է, նշում է Գորիսի փոխքաղաքապետը, մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում արած հայտարարությունը, որտեղ Ալիևը խոսում է տրանսպորտային նոր՝ Զանգեզուրի միջանցքի մասին, ընդծելով, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն և Անկարան խոսել են նաև Մեղրիի տարածքով Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող երկաթգծի կառուցման մասին։

«Տրամադրվում է մի ճանապարհ, որը հսկվելու է միմիայն ռուս սահմանապահների կողմից, հայկական որևէ մաքսային կետ, որևէ կառույց, սահմանապահ մարմին չի իրականացնելու վերահսկողություն այս ճանապարհին, տրանզիտ գաղափարը չի գործելու ՀՀ կողմից և սա լուրջ մտահոգություն է»,-ասում է Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

Սյունիքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հարց ուղղվեց  փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ կառավարություն- Աժ վերջին հարց ու պատասխանի ժամանակ։  Սյունիքում ստեղծված իրավիճակում  որևէ իրավական խնդիր չկա և չի կարող առաջանալ․ ասաց փոխվարչապետը։

«Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Պն հայտարարություն է տարածել, համաձայն որի, ցիտում եմ՝ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության  անխափանության նկատառումներով  տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ ճանապարհի երկայնքով անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն  Հայաստանի կողմից՝ հայկական զորքեր, ադրբեջանի կողմից՝ ադրբեջանական զորքեր։ Այս պայմանավորվածությունը եղել է դեռ 2020 թվականի դեկտեմբերին, մենք համաձայնեցրել ենք ռուսական կողմի հետ, ռուսական կողմը ադրբեջանական կողմի  հետ, ավել  բացահայտելու որևէ բան չկա»,-ասում է փոխվարչապետը։

Վերջին շրջանում Սյունիքում է եղել ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանը, որը հանրային քննարկման ժամանակ փաստեց՝ խրամատներ փորվում են ամենուրեք, թե՛  հայերի, թե՛ ադրբեջանցիների կողմից, ռուս խաղապահներն իրականացնում են ակտիվ վերահսկողություն։

Back to top button