ԿարևորՀասարակություն

Հարավում ճանապարհ են բացում, հյուսիսում՝ փակո՞ւմ․ փորձագետները՝ ապաշրջափակման նախագծերի մասին

Հայ և ռուս փորձագետներն այսօր քննարկել են 2020-ին ԵԱՏՄ շրջանակում համագործակցության միտումները։ Արձանագրել են, որ տնտեսական հարաբերությունները տուժել են  համավարակից ու  պատերազմից, իսկ  հեռանկարները կախված են նաև քաղաքական որոշումներից։   Ճանապարհների ապաշրջափակման թեման  չի շրջանցվել։ Երևանում արձանագրել են՝ դիտարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, մինչդեռ փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։

Հայ և ռուս փորձագետներն  արձանագրում են՝  2020 թվականը ծանր տարի էր ԵԱՏՄ բոլոր երկրների և հատկապես Հայաստանի համար։  Տնտեսությանը  լուրջ  հարված հասցրեց  44-օրյա պատերազմը՝ արձանագրում է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։  

Անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից, որտեղ 1․4 տոկոս աճ կա։ Արամ Սաֆարյանի փոխանցմամբ՝ առևտրաշրջանառությունը նվազել է ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝   Ռուսաստանի հետ։ Պատերազմի  ու համավարակի պայմաններում , սակայն, Ղազախստանի ու Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունն  ակտիվացել է։

«Ապրանքաշրջանառության  երկնիշ աճ ունենք Ղազախստանի ու Բեառուսի հետ։ Ներմուծման ծավալների երկնիշ աճ է գրանցվել Բելառուսի դեպքում, երկու անգամ էլ ավելացել է Ղազախստանի հետ շրջանառությունը։ Սա փաստում  է, որ  համագործակցությունը  ընդլայնման հեռանկար ունի։ Դրա համար պետք է օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած բոլոր հնարավորություններից»,- ասում է Սաֆարյանը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օրակարգում է ճանապարհների ապաշրջափակման հարցը։  Երբ խոսում ենք ապրանքների ազատ տեղաշարժի մասին, պետք է արձանագրենք, որ այս փուլում  այդ հնարավորությունը կարևոր է  Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իսկ Հայաստանի համար՝ խիստ խնդրահարույց՝ ասում է  տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը։

Մինչ  քննարկվում է  Հայաստանի հարավում ճանապարհային ենթակառուցվածքները  բացելու հարցը,  փակվում է Հայաստանի  հյուսիսային հատվածը Արցախի հետ կապող ճանապարհը՝  արձանագրում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։ 

«Մեզ համար, ցավոք,  հակառակ գործըթնացն է  գնում։ Մի կողմից՝  քննարկվում է Հայաստանի հարավում ճանապարհների ապաշրջափակման հարցը, որը հատկապես օգտակար է լինելու  Ադրբեջանի ու Թուրքիայի համար,   մյուս կողմից՝  Հայաստանի  հյուսիսային հատվածը Արցախի հետ կապող ճանապարհն է ճանապարհ  է փակվել։  Խոսքը Վարդենիս-Մարտակերտ  ավտոճանապարհի մասին է։ Պետք է խոսել նաև աբխազական ու Կարսի երկաթուղիների  բացման մասին»,-նշում է Թավաթյանը։ 

Նա հիշեցնում է նաև նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված մեկ այլ պարտավորություն՝ կողմերը պետք է վերադարձնեն գերիներին։ Չնայած այս ամրագրմանը՝ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը՝ ռազմագերիներին կոչելով ահաբեկիչներին՝ ասում է տնտեսագետը։

Մոսկվայում աչալրջորեն հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկիր է, այլև Ռուսաստանի ռազմավարական դաշնակից՝ ընդգծում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովը։ Արձանագրելով, որ Մոսկվան  չի կարող  միջամտել Հայաստանի  ներքաղաքական զարգացումներին,  այդուհանդերձ  ակնակրում է, թե որ դեպքում կշահեն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։

«Կարևոր է այն, թե որքան կշարունակվի քաղաքական ճգնաժամը Հայաստանում։ Որքան երկար շարունակվի, այնքան  նոյեմբերի 10–ին կնքված  համաձայնագրի դրույթների իրագործման հնարավորությունների նկատմամբ կասկածները խորանալու են։ Ուստի ես կարծում եմ, որ պետք է շատ արագ գտնել փոխզիջումային գործիչ»։

Միայն իրավիճակի կայունացումից հետո է հնարավոր խոսել տնտեսական զարգացման ու նոր հեռանկարների մասին՝  ասում է ռուս քաղաքագետը և ընդգծում՝ եթե կայունացում չլինի,  բոլոր հարցերը մնալու են առկախված։

Ցուցադրել ավելի
Back to top button