Մտքի ուժը

Հայաստանում դեղերի բացառիկ փորձաքննություններ կանցկացվեն․ «Մտքի ուժը»

Երբ երեխան ծնվում է, ասենք, վեց մատով, պետք չի փնտրել ինչ- որ գերբնական պատճառ կամ դժգոհել բախտից։ Գիտությունն ունի դրա բացատրությունը։ Տերատոգեն ազդեցություն կանվանեն բժիշկները, անգամ կփնտրեն պատճառները։ Իսկ դրանք կարող են շատ լինել, այդ թվում՝ քիմիական՝ դեղերի ազդեցությամբ։

Շուտով Հայաստանում հնարավոր կլինի պարզել դեղերի բաղադրությունը քերալային հետազոտության միջոցով։ 2019-ի տվյալներով, Հայաստանում իրացվող բոլոր դեղագործական արտադրանքների ավելի քան 14 %-ը բաժին է ընկնում տեղական արտադրությանը, մնացած մասը ներկրվում է։ Ընդ որում՝ դեղերի շուրջ 20 %-ը ներկրվում է ԵԱՏՄ անդամ երկրներից։ Հայաստանը դեղորայք ամենաշատը ներկրում է ԱՄՆ-ից, Գերմանիայից և Շվեյցարիայից։

Հայկական արտահանվող դեղորայքի մեկ քառորդը բաժին է ընկնում հարեւան Վրաստանին, 42 %-ը՝ Ռուսաստանին, իսկ արտահանվող ամեն 10 դեղից մեկը հասնում է Ուզբեկստան։ Հայաստանում դեղարտադրության ծավալն աճել է ավելի քան 30 %-ով։ Ներկրվող ու տեղում արտադրվող դեղերն անցնում են լաբորատոր հետազոտություն։ Առաջիկայում ներկրվող ու տեղում արտադրվող դեղերի որակի հետազոտությունները կարվեն հիմնականում ճապոնական արտադրության գերժամանակից սարքավորումներով։

Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտի երրորդ հարկի լուսավոր ու մաքուր միջանցքով քայլում ու ընկնում ես գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա։ Այստեղ ամեն ինչ նոր է, գերժամանակակից սարքավորումների մեծ մասը դեռ արկղերից հանված էլ չեն։ Շատ հաճախ դեղատներում նույն վաճառողը սպառողին տալիս է երկու դեղ՝ տարբեր անուններով ու պնդում, որ դրանք նույն դեղն են, պարզապես տարբեր են արտադրող երկրները։ Իրականում դա ճիշտ չէ, ֆարմացիայի իսնտիտուտի տնօրենն է ասում։ Երկու նմանատիպ դեղերի բաղադրության տարբերությունը շուտով կպարզվի քերալային հետազոտության միջոցով։

Ֆարմացիայի ինստիտուտը ստեղծվել է 2016 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի, ապա դեղագիտության ֆակուլտետներում ավելի քան 23 տարի գործող դեղագործական քիմիայի բաժնի հենքի վրա։ Այսօր արդեն այստեղ պատրաստվում են դեղագետ վերլուծաբաններ։ Գաղափարը հասունացել էր նաև ՀՀ դեղագործական ընկերությունների պահանջով։

Գերժամանակակից սարքավորումներով լաբորատորիան մի քանի ամսից արդեն կբացի իր դռները։ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենն արձանագրում է՝ երազանքները երբեմն կատարվում են։ Արդեն նոր ուսումնական տարվանից ուսանողները կսովորեն դեղերի որակի վերահսկման նոր մագիստրոսական ծրագրով։

Այս լաբորատորիայում ոչ միայն գիտական փորձեր ու հետազոտութուններ են անելու, այլ նաև ծրագրում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը կարևորում է այս բաղադրիչը։ Ասում է՝ աշխարհն է գնում բիզնես համալսարանների ճանապարհով՝ կառույցները պետք է կարողանան իրենք իրենց ֆինանսական հարցերը լուծել։ Նաև՝ հավաստագիր ստանալ ու դեղերի փորձաքննություն անցկացնել։

Դեղագործության ոլորտում Հայաստանը դեռ խորհրդային տարիներից էր հայտնի։ Ֆարմինդուստրիան, սակայն, զարգանալու մեծ տեղ ունի։ Դեղագործական ընկերությունները դեղանյութի մեծ մասը ներկրում են արտերկրից։ Մինչդեռ դրանց մեծ մասը հնարավոր է արտադրել հենց այստեղ։

Ընկերությունները նվազագույնն են արել՝ դեղագործությունը փրկելու համար։ Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանում պարզվում է դեղագետները մեծ պահանջարկ ունեն։ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենն ասում է, որ չունեն նաև դիմորդների պակաս։ Այս պահին դեղագործական ընկերություններից մեկը երեք թափուր տեղ ունի, սակայն իրենց ուսանողներն արդեն աշխատում են եւ այս նոր աշխատանքի առաջարկը մերժում են։ «Կլին» դեղագիտություն․ սա, ըստ Աշոտ Սաղյանի, ժամանակի պահանջի մասնագիտություն է։ Այս մասնագետները հիվանդանոցներում կաշխատեն բժիշկների հետ՝ որպես նրանց խորհրդատու։

Ցուցադրել ավելի
Back to top button