ԿարևորՀասարակություն

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ․ «մկանների» ցուցադրությո՞ւն, թե՞ նոր պատերազմի վտանգ

Տարվա առաջին եռամսյակը դեռ չավարտված՝ թուրք-ադրբեջանական ուժերն արդեն երկրորդ համատեղ զորավարժություններն են անցկացնում։ Առաջինը Կարսում էր և տևեց երկու շաբաթ, այս անգամ Ըսպարտայում է՝ վեց շաբաթ տևողությամբ։ Ի՞նչ նպատակ ունեն «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով մեկնարկած զորավարժությունները և արդյո՞ք դրանք կազդեն տարածաշրջանի լարված իրավիճակի վրա: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները լրացուցիչ զգոնության անհրաժեշտություն են առաջացնում։ Փորձագետն ասում է.

«Ցանկացած նման զորավարժություն ավելորդ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում, դա գոնե անվիճելի է։ Ինչ վերաբերվում է դրանից ծագող անմիջական վտանգին, ուղիղ նախանշաններ, որ կարող է դրանից պատերազմ սանձազերծվել՝ այս պահին դժվար է ասել, չկան նախանշաններ»,- հայտնում է Ջամալյանը։

Изображение

Կարսում անցկացված զորավարժությունների դեպքում մեզ համար մտահոգվելու առիթը սահմանին մոտ լինելն էր: Ըսպարտա քաղաքը Թուրքիայի արևմուտքում է, այսինքն՝ հայ-թուրքական սահմանից բավական հեռու, բայց՝ տարածաշրջանում: Կարսի զորավարժությունները անհանգստություն էին առաջացրել Հայաստանում, քանի որ նախորդ տարի Ադրբեջանում անցկացված համատեղ զորավարժություններին հաջորդեց Արցախյան պատերազմը,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Հայ հասարակության անհանգստությունը՝ կապված հերթական զորավարժությունների և Թուրքիայի՝ պատերազմ սկսելու վտանգի հետ, թուրքագետն ասում է՝ պայմանավորված է նախորդ տարվա դառը փորձով:  

«Չի կարող նման բան լինել. Հայաստան-Թուրքիա սահմանը լրիվ այլ կարգավիճակում է, և Արցախում բոլորովին այլ իրավիճակ էր։ Փորձել սովորական զորավարժությունը Թուրքիայի տարածքում անմիջականորեն կապել պատերազմ սկսելու հետ՝ տեղին չէ»,- ասում է Անդրանիկ Իսպիրյանը:   

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ այժմ տարածաշրջանով բազմաթիվ առճակատման գծեր են անցնում, և Թուրքիան ճշգրտում է իր հարաբերություններն արևմտյան դաշնակիցների հետ, ցանկանում է շեշտել իր հավատարմությունը դաշնակիցներին, քանի որ նրանց հետ հարաբերությունների լիակատար խզումը Թուրքիային կկանգնեցնի անընդունելի ռիսկերի առջև:

Изображение

«Թուրքիան այս զորավարժություններով ուժ է ցուցադրում նաև Ռուսաստանին, փորձելով բան հասկացնել Միացյալ նահանգներին նույնպես։ Եվ սա, այո, առնվազն անհարմարություն է պատճառում Ռուսաստանին»,- ասում է Դավիթ Ջամալյանը։

Տարածաշրջանային խոշոր խաղացողներից Իրանը ևս այսօր բավական ծանր վիճակում է,-ասում է Դավիթ Ջամալյանը,-խնդիրներ ունի արաբական հարևանների և անհարթ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ։ Իրանում հասկանում են, թե ում կողքը կկանգնի Թուրքիան, եթե արևմուտքի հետ առճակատումը թեժանա: Ադրբեջանին աջակցելով և համատեղ զորավարժություններով Թուրքիան ամրացնում է իր ոտքը կովկասյան հողում։ Բացատրում է.

«Ուժեղ Ադրբեջանի դիրքերը մեծապես սատարում են գտնում Թուրքիայում շատ պարզ պատճառով. Թուրքիային անհրաժեշտ մանևրի լայնությունը ապահովվում է նաև ուժեղ Ադրբեջանի պարագայում, այսինքն՝ Ադրբեջանն ապահովում է Թուրքիայի՝ այլևս լեգիտիմ, լեգալ ռազմական ներկայությունը կովկասյան տարածաշրջանում», — հավելում է Ջամալյանը։

Изображение

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ զորավարժություններ անցկացվում են, և դրանց պլանավորումը ամիսներ է տևում։ Ուստի՝այնքան էլ ճիշտ չէ զորավարժությունների մեկնարկը սպասվող ռազմական գործողությունների նշան համարելը։ Թուրքագետն ասում է, որ զորավարժությունները Հայաստանին ուղղակիորեն չեն սպառնում, բայց Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության խորացումը և Ռուսաստանից հեռացումը Հայաստանի համար վատ է, քանի որ Թուրքիան, մեծացնելով ազդեցությունը Ադրբեջանում, միաժամանակ վարժեցնում է ադրբեջանական զինուժին։

Զորավարժությունների նպատակը ոչ միայն սեփական թույլ կողմերի  բացահայտումն ու սպառազինության ստուգումն է, այլ նաև  «մկանների» ցուցադրությունը՝ պոտենցիալ ու պայմանական հակառակորդներին,- ասում են փորձագետները: Համատեղ զորավարժությունների գլխավոր նպատակը Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը և Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է: Զրուցակիցներիս դիտարկմամբ՝ զորավարժությունները հուշում են, որ  թուրքերը չեն բավարարվում դրվագային որոշումներով. նրանք ունեն մշակված  ռազմավարություն, և զորավարժությունը դրա բաղադրիչներից մեկն է:

Ցուցադրել ավելի
Back to top button