ԿարևորՀասարակություն

Էջմիածնից՝ Քաշաթաղ և հակառակը. հող մշակելիս լավատեսության լիցքեր են ստանում

Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղից Էջմիածնի  Լուսագյուղում ժամանակավոր ապրող արցախցի ընտանիքը գարնան գալու պես սկսել է մշակել իր ժամանակավոր բնակավայրի տնամերձ հողամասը: Արցախում էլ են հող մշակել, ապրուստ ստեղծել: Հիմա կարգի են բերում ջերմոցը: Պոլիէթիլենի տակ բանջարեղենի սերմերն  սկսել են սածիլներ տալ:

Արևից տաքացած հողն իրեն է ձգում  հողագործությունը սիրող մարդկանց: Գյուղատնտեսությամբ զբաղվողի համար բոլորովին նշանակություն չունի, թե մեր հայրենիքի որ մասում է ապրում: Պատերազմի հետևանքով տուն ու տեղ կորցրած արցախցիներից շատերը ժամանակավոր ապրում են Արմավիրի մարզում: Նրանք հասատատվել են այն բնակավայրերում, որտեղ հարազատներ ունեն: Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղից Գյուլնարա Չոմոյանի ընտանիքն այժմ ապրում է Արմավիրի մարզի Լուսգյուղ համայնքում, ամուսնու քրոջ տանը: Պատերազմի առաջին հարվածներն իրենց բնակավայր էր ստացել.

«Հենց սեպտեմբերի 27-ին 4 արկ ընկավ մեր բնակավայրի վրա ու կանանցով, երեխաներով տեղափոխվել ենք, տղամարդիկ մնացել: Ոչ մի բան չվերցրեցինք, որովհետև մտածեցինք հետ կգանք մեր տները: Էդ պահին վերցնելու բան էլ չէր, արագ պետք է լքեիր: Հետո էլ հնարավոր չէր իջնել, որովհետև ԱԹՍ-ներն անընդհատ պտտվում էին»:

Գյուլնարան Հայկազյան գյուղի դպրոցի փոխտնօրենն է, մաթեմաթիկայի ուսուցչուհի: Երևանից է, ամուսինն Արմավիրի մարզի Լուսագյուղից: 2000թ-ի մարտից երիտասարդ ընտանիքը հաստատվել էր  Արցախում, գնացել,  տուն էին կառուցել ու հիմնավորվել

«Ամուսնուս մտքին վաղուց կար, որովհետև ասում էր այնտեղ արյուն է թափվել, պետք է գնանք ու ծաղկեցնենք հողը: Գնացինք, սիրահարվեցինք տարածքին, գրեթե զրոյից տուն կառուցեցինք: Պատերը եղել է, բայց վառված, թալանված, ամրացրել ենք, սարքել»:

Ամուսիններն  ապրելու միջոցները ստեղծել էին  հողից, տնամերձում ջերմոցներ էին հիմնել, բանջարեղեն մշակել, իսկ 23 հա վարձակալական հողերի  վրա՝  հացահատիկային մշակաբույսեր: Գյուլնարան ասում է՝ տնամերձի ջերմոցներից յուրաքանչյուրի տարածքը  մոտ 300 քառ մետր էր:  Նա գյուղատնտեսական գիտելիքները ձեռք է բերել համացանցից:

Ջերմոցից ստացված լոլիկը, վարունգը, սմբուկն ու  պղպեղն իրացրել են Գորիսում՝ կտրելով մոտ 60 կմ ճանապարհ: Ժամանակի առումով այն ավելի էր երկարել , քանի որ ճանապարհներն անբարեկարգ էին:

«Իրացումը շատ բարդ էր, մեր մեքենայով էինք տեղափոխում, բայց ավելի շատ ծախս էինք անում, քան եկամուտ ստանում: Քանի որ մշակում էինք, պետք է իրացնեինք»:

Դժվարությունները հաղթահարել են ու չեն տրտնջացել: Հոկտեմբերի 17-ին Հայկազյան գյուղն ընկել էր, որի հետ կորցրել էին  ամեն ինչ: Պատերազմի ժամանակ տղան բուժակ է եղել, քանի որ 3 տարի ուսանել էր բժշկական համալսարանում, իսկ ամուսինը շարունակել զբաղվել քաղպաշտպանության գործերով: Նոյեմբերի վերջից ընտանիքը միասին է:  

Գարունը բացվել է, նրանք  նոր մտահղացումներ ունեն, ձեռքերը ծալած չեն նստելու: Պետք է ապրելու միջոցներ գտնել: Իրենց ժամանակավոր բնակելի տան  տնամերձում  սկսել են կարգի բերել հին ու վաղուց չօգտագործված ջերմոցը և մշակել.

«Սածիլ ենք ցանել՝ պոմիդոր, բդրիջան, ջերմոցի մեջ է: Ջերմոցը մեծ է,  պոլիէթիլենային թաղանթով, բայց հին է, վերանորոգում ենք, քանի տարի չի մշակվել: Փորձում ենք մեզ համար քիչ, թե շատից  մի բան ստեղծել: Ու՞մ վրա հույսներս դնենք»:

Առայժմ ջերմոցը կմշակեն ու  կապրեն Լուսագյուղում, իսկ ապագայի  ծրագրերը կապված են որդու հետ, Արցախ չեն վերադառնա, Հայաստանից էլ չեն հեռանա

«Երբեք Հայաստանից դուրս չենք գնա, իսկ Արցախ չէ, էլ երեխեքիս կյանքը ես չեմ վտանգի: Երեք երեխա ունեմ: Եթե իմ տունը լինի՝ Արցախ կգնամ, բայց որ գնամ, նորից քարը քարին դնեմ, էլի առանց երաշխիք՝ սուտ կլինի, չեմ գնա: Ծրագրերի հարցում դժվարանում եմ մի բան ասել, որովհետև նախ պետք է տուն ունենանք: Մեր ամբողջ հույսը կապված է մեր տղայի հետ»:

Հիմա  իրենց մտքերը խառն են,  որոնք  փորձում են ցրել մուրճի զնգոցի, բահի ու հողի խուլ հառաչանքի ներքո: Փորում են հողն ու նոր լիցք ստանում, լցվում լավատեսությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button