ԿարևորՄիջազգային

Բունդեսթագի պատգամավորները՝ Բաքվի հետ մութ գործարքի մեջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք պատգամավորների անուններ շրջանառվում են կոռուպցիոն աղմկահարույց գործի շրջանակում։

Գերմանական հայտնի պարբերականներին հայտնի է դարձել, որ Բաքվից 2008-2016 թվականներին հսկա գումարներ են հոսել ԵԽԽՎ խորհրդարանականների «գրպան»՝ տարբեր բանաձևերի քննարկման և քվեարկության ժամանակ ի շահ ադրբեջանական կողմի հանդես գալու համար։

«Ռադիոլուրն» ի մի է բերել գերմանական մամուլում շրջանառվող ուշագրավ տեղեկությունները։

Եվրախորհրդում աշխատել է ադրբեջանական շահերը պաշտպանող ցանց՝ նաև գերմանական բունդեսթագի պատգամավորների ներգրավմամբ։ Աղմկահարույց գործով զբաղվում է նաև Գերմանիայի գլխավոր դատախազությունը։ Դեռ անցյալ շաբաթ Բունդեսթագը վերացրեց քրիստոնյա-սոցիալական միության (CSU) պատգամավոր Գեորգ Նյուսլայնի անձեռնմխելիությունը` հանելով պատգամավորական «իմունիտետը»։

Նախօրեին էլ Գերմանիայի խորհրդարանը քրիստոնյա-դեմոկրատական միության CDU պատգամավոր Ակսել Ֆիշերին է զրկել անձեռնմխելիությունից՝ այսպիսով թույլատրելով դատական խուզարկության և առգրավման մասին հրամանները։ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Աքսել Ֆիշերի հանդեպ՝ կոռուպցիայի մեղադրանքներով: Հետքերը տանում են Ադրբեջան։

Գերմանական ntv.de-ն գրում է Տեղեկատվության համաձայն՝ Քրեական ոստիկանության դաշնային գրասենյակը խուզարկել է վեց օբյեկտ Բադեն-Վյուրթեմբերգում և Բեռլինում, այդ թվում ՝ Բունդեսթագի խորհրդարանական գրասենյակ, բնակարաններ և գրասենյակներ: Գլխավոր դատախազության և Քրեական ոստիկանության դաշնային գրասենյակի շուրջ 60 պաշտոնատար անձ է ներգրավված գործին: Սա խոսում է քննվող գործի լրջության մասին՝ եզրակացնում է հեղինակավոր Tagesspiegel-ը։

Սկանդալի սկիզբը Մյունխենի գյխավոր դատախազության գրությունն էր։ Վերջինս, ի պատասխան հարցման, հայտարարել է, որ հետաքննում է մանդատակիր անձանց կողմից կաշառք ստանալու գործ՝ միաժամանակ շեշտելով անմեղության կանխավարկածը։

Գերմանական մամուլի գործակալությանն աղմկոտ հարցի շուրջ Կարլռուհեի պատգամավորական գրասենյակից արձագանքել են՝ «Ոչ մի մեկնաբանություն»:

Ֆիշերը հենց Կարլսռուհեից է ընտրվել պատգամավոր։ Նախորդիվ Մյունխենի դատախազությունը մասնավորեցրել է՝ Ուշագրավ զարգացումներն ուղեկցվում են հետաքննական լայնածավալ միջոցառումներով՝ ուղղված էին Բունդեսթագի նախկին և ակտիվ անդամների դեմ, որոնք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ են: Նրանք մեղադրվում են 2008-2016 թվականներին Ադրբեջանից ֆինանսական միջոցներ ստանալու մեջ։

Ընդ որում՝ բրիտանական փոստարկղային ընկերությունների միջոցով՝ բալթյան հաշվեհամարներով։ Գերմանական մամուլը գրում է՝ ըստ ամենայնի, ֆինանսական գործարքները հիմք են դարձել պայմանավորվածությունների, որպեսզի ԵԽԽՎ-ում տարբեր բանաձևերի և քվեարկությունների ժամանակ, տարբեր հանձնաժողովներում եվրոպացի պատվիրակները միջնորդավորված հանդես գան ի շահ ադրբեջանական կողմի։ Քննվող այս գործում այլ անուններ էլ են շրջանառվում, օրինակ՝ Բաքվի ռեժիմի եվրոպացի լոբբիստ Լինթների, ում միջոցով այս փուլում գումարները բաժանվել են ԵԽԽՎ պատվիրակներին։ Գործի շրջանակներում դիտարկվել են նաև մեղադրվողների նամակագրությունները, որոնք կարող են հաստատել, թե ինչպես են Բաքվից հոսած փողերը կոռուպցիայի շղթա ստեղծել։ Խոսքը 4 մլն եվրոյի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button