ԿարևորՔաղաքական

Մանուկյանը՝ ՔԿ-ում, Մարուքյանը՝ կառավարությունում, Քոչարյանը՝ օնլայն

Սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ․ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսպես է որակում քրեական գործը, որի շրջանակում այսօր  հրավիրվել է Քննչական կոմիտե։ Ծանուցագիրը երեկ է ստացել ու տեղեկացել, որ հրավիրվել է  իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Մանուկյանի շահերը պաշտպանող Արամ Վարդևանյանը մեղադրանքն աբսուրդային է համարում. «Գործ ունենք քաղաքական հայտարարությունները Քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու փորձի հետ, որն առնվազն աբսուրդ  է»։

Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկվելու է՝ տեղեկացրեց փաստաբանը։ Մինչև ՔԿ մտնելը Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնել էր, որ եթե իրեն կալանավորեն, միևնույնն է, շարժումը շարունակվելու է:

«Եթե ինձ կալանավորեն, ապա կան հազարավոր մարդիկ, որոնք կշարունակեն շարժումը, այս պայքարը իմ քմահաճույքը չէ, սա համաժողովրդական պահանջ է և փրկության միակ ելքը»։

Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել այսքան լուրջ պատասխանատվություն՝ ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քոչարյանը շեշտել է, որ Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարց չի քննարկվում։ Հարցին, թե արդյոք չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է. «Ես իսկապես աջակցել եմ շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։ Շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է»։

Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը, որին Վազգեն Մանուկյանը չի մասնակցելու։

«Եթե ես ասել էի, որ կլինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ դրանց, նշանակում է ՝ այո, ես դիմում եմ մասնակցության, դիմում եմ հաղթանակի համար: Իսկ դա նշանակում է, որ ես հավակնում եմ այս երկրում ինչ-որ բան փոխելու. ինչ-որ բան շտկել է պետք: Կարծում եմ, որ ես բավականաչափ փորձ ունեմ վերականգնելու երկրի զարգացման կանխատեսելիությունը, վերահսկելիությունը և դինամիզմը»,- ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նաև հայտնել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց նաև չի բացառել այդ տարբերակով ընտրության մասնակցելը։

Արտահերթ ընտրությունների հարցը առանցքային է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողներին ասել է, որ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել։

«Ըստ էության՝ վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների հետ, բայց մենք ենք կապում, որովհետև մենք տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև ԳՇ խնդիրը։ Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ»-ասել է Մարուքյանը։

ԼՀԿ-ն առաջարկում է կասեցնել ԳՇ պետի պաշտոնավարմանը առնչվող գործընթացը և քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ Այդ երկու գործընթացները ԼՀԿ-ն կապում է միմյանց, մինչդեռ վարչապետ Փաշինյանը, Փաշինյանի փոխանցմամբ,  դրանք առանձին գործընթացներ է համարում։

Մարուքյանը ենթադրում է, որ  կլինի նաև բանակցությունների 2-րդ փուլ։ Կարծում է՝ վարչապետը կհանդիպի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ-ի հետ, որից հետո հնարավոր կլինի շարունակել խոսակցությունը։

Back to top button