Հրամանը՝ ապրել

Տող գյուղից կարողացել եմ վերցնել միայն կավից պատրաստված մի իշուկ. բժիշկ Հայկ Հովհաննիսյան․ «Հրամանը՝ ապրել»

Սեպտեմբերի 26-ին Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանն Արցախում էր. արդեն ո՜րերորդ անգամ գնացել էր հիանալու անզուգական բնությամբ ու մարդկանցով: Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում էր, երբ պայթյունի ձայն լսեց. ապրիլյան պատերազմին մասնակցած բժշկին ոչ մի լավ բան չէր խոստանում:

Դուրս եկավ ու կյանքում առաջին անգամ գտավ Արցախի մայրաքաղաքը փոշու մեջ՝ վախեցած մարդկանց գոչյուններով, երեխաների լացով ու հուսահատությամբ:

Եկավ Երևան ու նորից մեկնեց Արցախ՝ անհրաժեշտ բժշկական պարագաներով զինված ու պատրաստ՝ օգնել ում կարող էր: Սկզբում Ջրականի(Ջաբրայիլ) հիվանդանոց գնացին, որտեղ ոչ մի շունչ չէր մնացել, միայն արյան հետքերն ու նախկինում սպիտակ, իսկ հիմա աղտի մեջ կորած կտորներն էին հիշեցնում, որ այդտեղ մարդիկ են եղել, որ մինչև վերջ՝ ոտքի վրա կարողացել են օգնել զինվորներին ու դուրս բերել նրանց այնտեղից:

Հայկի աչքերի առջև տեսարաններ են, որ երբեք չեն կարող իրենց մոռացնել տալ, իսկ հեռուստացույցի պահարանի վրա այսօր պատվավոր տեղում կանգնած կավե իշուկը` այս ամբողջ արյունոտ ու դաժան պատմության միակ լուսավոր կետը։

Հայկը չգիտի, թե ով է պատրաստել այդ իշուկը, բայց այն մասունքի նման պահում է՝ ի նշան Հադրութի շրջանի Տող գյուղի, որն այլևս հայկական հսկողությունից դուրս է:

Back to top button