ԿարևորՄշակույթ

Արցախյան ձեռագրերի ցուցադրություն՝ Մատենադարանում

1959 թվականի մարտի 3-ին Երևանում այցելուների առաջ դռները բացեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Բացման 62-րդ տարեդարձը այսօր խորհրդանշվում է  Արցախյան ձեռագրերի ցուցադրությամբ: «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Երևանի Մատենադարան է տեղափոխվել 100 ցուցանմուշ, որոնցից 80-նն է ցուցադրվում։ Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։

«Արցախը ոչ միայն հայկական է, այլև ամենահայկականն է, երբևէ, բացի հայկական տարրից, էնտեղ ուրիշ ոչինչ չի եղել դարերի ընթացքում»,-ասում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

Այսօր, 21-րդ դարի 3-րդ տասնամյակում, Արցախի շատ բնակավայրերում արդեն հայեր չկան: Մշակութային կենտրոններ Շուշին, Հադրութը ադրբեջանական վերահսկողության ներքո են։

«Առաջին անգամ 18-րդ դարի 2-րդ կեսին է թյուրքական տարրը հայտնվել Շուշիում, այն էլ որպես փոքրամասնություն։ Արցախը առհասարակ առանց ընդհատման հայկական բնակչության ամենաբարձր տոկոսն ունեցող հայկական նահանգն է եղել, որն իր հավասարը չի ունեցել մյուս նահանգների հետ համեմատած»,- Վահան Տեր-Ղևոնդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցնում է։

Արցախի «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ձեռագրերը արդեն կարելի է տեսնել Երևանի Մատենադարանում: Ներկայացված են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին, Արցախում գրված և նկարազարդված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնագույն գրքեր։ Ցուցադրությունը ժամանակավոր է, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում շուրջ 80 ցուցանմուշները կտեղափոխվեն տուն՝ Արցախ։ Իսկ երևանյան ցուցադրությունը,  Վահան Տեր-Ղևոնդյանն ասում է՝ լավ հնարավորություն է, որ մայրաքաղաքի փոքրաթիվ զբոսաշրջիկները ծանոթանան Արցախյան ձեռագրական արվեստին:

«Պատերազմի թեժ  պահին կարողացանք տեղափոխել այս ձեռագրերը Երևան։  Մեր մասնաճյուղի աշխատողները օգնեցին մեզ այս հարցում, բայց հատկապես շնորհակալություն եմ ուզում հայտնել կամավորներին, որոնք որևէ կապ չունեին մասնաճյուղի հետ, բայց  հանձն առան գիշերով, ռմբակոծությունների տակ օգնել մեզ տեղափոխել ձեռագրերը»,-ասում է Մատենդարանի տնօրենը։

Մինչև պատերազմը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը նախատեսել էր տոնական միջոցառումների շարք՝ նշելու արցախյան մասնաճյուղի՝ Գանձասար գիտամշակութային կենտրոնի 5 ամյակը: Պատերազմը խանգարեց, բայց մինչ այդ Մատենադարանի արցախյան մասնաճյուղում հասցրել էին միջազգային գիտաժողով կազմակերպել՝ համագործակցելով Արցախի մշակութային կենտրոնների և թանգարանների հետ. դրանցից շատերի ճակատագիրն այսօր անհայտ է։

Ադրբեջանական կողմում են մնացել բազմաթիվ մշակութային կոթողներ, կենտրոններ. Մատենադարանի տնօրենն ասում է՝ փնտրում են ճանապարհներ՝  այնտեղ մուտք գործելու, բացառիկ ցուցանմուշները դուրս բերելու համար, առայժմ՝ ապարդյուն: Աշխարհի տարբեր գիտական հաստատությունների շուրջ 150 գիտնականների ստորագրությամբ  խնդրագիր էր ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարություն՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով:  Ստորագրահավաքին միացել էր նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը։ Արդյունքի հասնելու ուղղությամբ հիմա էլ են ձեռնարկվում քայլեր, որպեսզի, քանի դեռ շատ ուշ չէ, մշակութային այս արժեքներն էլ Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չունենան:  

Back to top button