Սփյուռքի ձայնը

Ամերիկահայ բարերարները Հայաստանում ցանկանում են հիվանդանոցներ հիմնել․ «Սփյուռքի ձայնը»

Գենետիկ հիշողություն. ամերիկաբնակ հասարակական գործիչ Մալվինա Մխչյանը սա է շեշտում, երբ պատմում է, թե ինչպես անգամ Հայաստան չեկած ու հայրենիքը չճանաչող հայ երիտասարդները մտահոգվում ու օգնության ձեռք են մեկնում, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կռվում հայրենիքի համար։


Պատերազմի օրերին ականատեսն էինք, որ շատ երիտասարդներ, թողնելով իրենց աշխատանքը, զբաղվում են հայկական տարբեր հարցերով` ասում է նա։ Մալվինա Մխչյանը օտարության մեջ ապրող նոր սերնդի՝ հայրենիքի հանդեպ ունեցած վերաբերմունքի նախադրյալների մասին խոսելով, ցավով նշում է վերջին պատերազմի օրերին Սփյուռքի Հայաստան ուղարկած օգնությունների ու դրանց հանդեպ հայկական որոշ կառույցների անտարբերության մասին։ Նման երևույթները խոչընդոտում են հայրենիքին կապվելու և ապագա հարաբերություններ կառուցելու նպատակներին:


«Պատերազմի օրերին և՛ գումար և՛ հումանիտար շատ օգնություն է ուղարկվել Հայաստան: Որտե՞ղ են այդ օգնությունները՝ տեղեկություններ չունենք: Օգնության մեջ շատ էին հատկապես բժշկական սարքավորումները, որոնց մի մասն այնքան ուշ տեղ հասավ՝ կապված բյուրոկրատական քաշքշուկների հետ, որ դրանց օգտագործման արդյունավետությունը պակասեց»,- ցավով է արձանագրում Մալվինա Մխչյանը:


Եթե պետական օղակները պատշաճ չեն իրականացնում իրենց գործառույթները՝ պետք է ձեռնպահ մնան միջնորդավորումից` ասում է։ «Քանի որ ուղարկված բժշկական շատ սարքավորումներ չեն հասել կամ ուշացումով են հասել Հայաստան, իսկ բուժհաստատություններից որոշներն էլ թղթաբանությունից զերծ մնալու համար հրաժարվել են օգնությունից, ապա որոշ բարերարների կողմից նախատեսված է Հայաստանում հիվանդանոցներ կառուցել՝ բուժսարքավորումներն ու զինվորների լիարժեք բուժումն իրականացնելու համար», ասում է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button