ԿարևորՀասարակություն

Վերաբնակեցվող Արցախ. լիսագորցիները տուն են վերադառնում

Շուշիի շրջանի ամենաբարձրադիր, տեղացիների խոսքով՝  նաև ամենացուրտ համայնքի՝ Լիսագորի բնակիչները նախատեսում են մինչև գարնան ավարտ վերադառնալ իրենց բնակավայրերը։ Պատերազմից առաջ գյուղում ապրում էր 130 մարդ, հիմա՝ 25։ Համայնքի ղեկավար  Գագիկ Նասիբյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ Արցախի տարբեր շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած լիսագորցիների հետ անմիջական կապի մեջ է, նրանք սպասում են, որ  պատերազմի հետևանքով մասամբ կամ ամբողջապես ավերված տները  բարեկարգվեն, անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, որ գյուղ վերադառնան:

«Մեր համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, մեզ մոտ հիմա ձյուն է, շատ ցուրտ, սպասում ենք եղանակները մի փոքր տաքանան, որպեսզի սկսենք շինարարական աշխատանքները»,-ասում է համայնքապետը։

Արցախն սկսել է բնակեցման փուլային ծրագիր. «Ռադիոլուրի»-ն տեղեկացրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը։ Մանե Թանդիլյանի խոսքով՝ եթե ֆինանսական միջոցներով սոցիալական ճգնաժամային խնդիրները լուծվում են, ապա բնակեցման հարցը դեռ մնում է չլուծված։ Արցախի կառավարությունը կարեւորում է գյուղական վայրերում մարդկանց բնակեցումը եւ վերաբնակեցումը։ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների կիսակառույց, ոչ բարվոք տները կվերանորոգվեն, կկահավորվեն եւ կհատկացվեն մարդկանց, կտրվեն նաև գյուղատնտեսական միջոցներ:

 «Հիմա աշխատանքային ընթացքի մեջ է 250 հազար դրամների ծրագիրը։ Գումարը հատկացվում է այն քաղաքացիներին, ում բնակության վայրը ինչ-ինչ պատճառներով պիտանի չէ, բայց գտնվում է ԱՀ վերահսկողության ներքո։ Շուրջ 5 հազար շահառու ունի այն ծրագիրը, որոնց մի մասը արդեն ստացել են գումարը։ Ուզում եմ նշել, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցում ենք տարածքային կառավարման նախարարության և մի շարք գերատեսչությունների հետ՝ նրանցից ստանալով տեղեկություն շահառուների և նրանց բնակության վայրերի վերաբերյալ»,-նշում է նախարարը։

Բնակության հարցը կարգավորելուց զատ,  Լիսագորի համայնքապետն ասում է՝ խնդիր է նաև բնակիչների զբաղվածությունը։ Մինչ պատերազմը մարդիկ  հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ։ Անասունների մեծ մասը կորել է, համայնքապետը հույս ունի, որ այս դեպքում էլ պետական աջակցություն կստանան։ Գյուղում կապը, կոմունալ հարմարությունները վերականգնվում են, գյուղի դպրոցն էլ արդեն գործում է․

«Մինչև պատերազմը գյուղի դպրոցն ուներ 11 աշակերտ, էս պահին ունենք 3 աշակերտ, բայց դպրոցը գործում է։ Առաջիկա 2 ամսվա ընթացքում բնակչության մյուս մասն էլ կտեղափոխվի և աշակերտների թիվն էլ առաջվանը կլինի»,-ասում է Գագիկ Նասիբյանը։

Գագիկ Նասիբյանը վստահեցնում է, որ լիսագորցիները վճռական են տրամադրված՝ վերադառնալու են գյուղ և շենացնելու են: Իրենց տունն Արցախում է, ուրիշ տեղում բնակվել չեն ուզում:  

Back to top button