ԿարևորՀասարակություն

Քաղպաշտպանության մասին օրենքը կբարեփոխվի․ կբարեկարգվե՞ն արդյոք ապաստարանները

Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է։ Հայաստանում քաղպաշտպանությամբ զբաղվող գերատեսչությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է կատարելագործել ոլորտը կարգավորող իրավական դաշտը և ներկայացրել է նախագիծ՝ Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը բարեփոխելու համար։

ԱԻՆ փրկարար ծառայությունը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական պաշպանության մասին օրենքում։ Առաջարկում է ձևավորվել  քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքեր, արդիականացնել ազդարարման համակարգը, կարևորում են հատկապես բնակիչների տեղեկացվածությունը՝ որտեղ է պատսպարանը, որն է այնտեղ տանող կարճ ու արագ ճանապարհը։ Ոլորտի խնդիրներով մտահոգ մի խումբ մարդկանց, որոնք համախմբվել են «Դիմակայուն համայնքներ» կազմակերպությունում,  ուզում են, որ նախագծում ձևակերպումներն ավելի հստակ լինեն․ կառավարման խորհրդատու Մարիա Հովումյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ օրենքի նոր նախագիծը որոշակիություն, հստակություն չի պարունակում․

«Ես չեմ տեսնում չափելիություն։ Կան ձևակերպումներ, բարի ցանկություններ, ձգտում ենք որոշակի բարեփոխումների, բայց դա չափելի և շոշափելի չէ»։

Մարիա Հովումյանն ընդգծում է, որ շատ կարևոր է բնակչության պատրաստվածության մակարդակը։ Դրական է համարում նոր շչակների գործադրումը,  բնակչությունը ճանաչում է տագնապի ազդանշանը, գիտի՝ ինչ է պետք անել։ Բայց ոլորտի խնդիրները շատ են, ու  համակարգային լուծումներ են պահանջվում։ Ասում է՝ բնակչության հետ չաշխատելն էլ է ռիսկեր պարունակում․

«Բնական է, որ առանց ԱԻՆ-ի՝ բնակչությանը վերապատրաստել չենք կարող, բայց միայն ԱԻՆ-ի ուժերն էլ բավարար չեն։  Ես շատ եմ գնահատում  ԱԻՆ-ի  մեր գործընկերների ջանքները, բայց նրանց հնարավորություններն էլ են սահմանափակ։ Նոր, համագործակցային մոդելներ է պետք է մշակել, օրինակ՝ այս հարցում հարկավոր է համագործակցել քաղաքային իշխանության հետ։ Նրանք  են, ի վերջո, բնակչության քաղաքացիական պաշտպանության իրականացման պատասխանատուն»։

Պատերազմի օրերին պարզվեց՝ մեր շենքը պատսպարան չունի, շենքի բնակիչները ստիպված եղան ինքնակազմակերպվել, ասում է Մարիա Հովումյանը, ընդգծելով, որ համատիրությունները վատ են աշխատում։ Թաքստոցները պատկանում են շենքերին, և շենքերն են պատասխանատու դրանց վիճակի համար։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի փոխանցմամբ՝ պատերազմի օրերին արձանագրել են, որ բազմաթիվ համատիրություններ շենքերի թաքստոցների վերաբերյալ սխալ տեղեկություն են հաղորդել նախարարությանը․

«Մինչև պատերազմը Համատիրությունները ներկայացնում էին, որ շենքի պատսպարանների հետ կապված խնդիրներ չկան, որ պատսպարանները կան, բավարար են, սակայն պարզվեց՝ ուղղակի թվեր են նկարել և մեզ ներկայացրել։ Մեզ պարզ դարձավ, որ այս ոլորտում մենք շատ լուրջ խնդիրներ ունենք»։

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ Քաղաքացիական պաշտպանության մասին գործող օրենքը հին է, սահմանափակ իրավասություններով, իսկ նոր նախագծից ակնկալվող արդյունքները  մանրամասնությամբ ներկայացված չեն․

«Օրենքը պետք է հնարավորություն տա համակարգի զարգացման, մեր օրենքը հին է, նաև Սահմանադրություն է փոխվել ընթացքում։ Իրավական դաշտում փոփոխություններ եղան, բայց մեր դաշտում՝ ոչ։ Օրենքի նոր նախագիծը թույլ կտա թե խաղաղ պայմաններում, թե պատերազմական օրերին ավելի արդյունավետ կազմակերպել բնակչության քաղաքացիական պաշտպանությունը։ Իհարկե, օրենքը դեռ կքննարկվի կառավարությունում, իսկ ակնկալվող արդյունքները բացվելու են»։

Հին շենքերի և նորակառույցների պատսպարանների հարցը Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը միայն չի կարող կարգավորել, ասում է Հովհաննես Եմիշյանը, պետք է մշակվեն շինարարական նորմատիվներ։ Մտահոգություններին օրեր առաջ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ արձագանքել էր Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը։ Ասել էր, որ շինարարական նորմատիվ պահանջների մշակման գործընթացը մեկնարկել է  անցյալ տարվա նոյեմբերին, իսկ առաջիկայում դրանք կդրվեն կիրառման մեջ։

Back to top button