ԿարևորՀասարակություն

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով.  

«Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած:

Սումգայիթյան ոճրագործությունների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։

Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավիրվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։

Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք ի գործ պիտի դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնելու մեր հայրենիքը և կերտելու մեր կյանքի նոր ձեռքբերումներն ու հաջողությունները։

Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված Իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո. ամեն»։

Back to top button