Ժամանակի վկան

Իգոր Մուրադյան և Թաթուլ Կրպեյան․անցյալի լռող էջերի արանքում․ «Ժամանակի վկան»

2021 թվականի փետրվարի 19-ին Արցախի նախագահի հրամանագրով Արցախյան-Ղարաբաղյան շարժման հիմնադիր գործիչ Իգոր Մուրադյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Քչերին են հայտնի ՀՀ Ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր Թաթուլ Կրպեյանի և Արցախյան շարժման հիմնադիր, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Իգոր Մուրադյանի մտերմության ու համատեղ քաղաքական պայքարի պատմության մանրամասնությունները։

Միայն այդ մտերմությանն ու քաղաքական, հիմնականում ընդհատակյա, համատեղ գործունեությանն ականատես հաշված թվով գործիչներ են տեղյակ նրանց համագործակցության փաստացի հանգամանքներին։ Այդ քչերից մեկն էլ ես եմ, անհամեստություն չանեմ ասելու համար, որ, ամենայն հավանականությամբ, ամենատեղեկացվածների առաջին եռյակում եմ։

Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո Իգոր Մուրադյանի կապը մեր ընտանիքի հետ չխզվեց։ Այն շարունակվեց մինչև նրա մահը՝ 2018 թվականի հունիսի 17-ը։

Իգորի մահվանից ամիսներ անց ի մի բերելով իմ հուշերը, որոնք վերաբերում էին 1986 թվականից մինչև 2018 թվականը Թաթուլ Կրպեյանի և Իգոր Մուրադյանի ընկերությանը, համագործակցությանը, համատեղ քաղաքական պայքարին, ներառելով նաև՝ իմ և Իգոր Մուրադյանի ունեցած անտիպ զրույցներում եղած որոշ ուշագրավ փաստեր, ես մի հոդված պատրաստեցի՝ ի հիշատակ Իգոր Մուրադյանի։

Այն տպագրվեց Նորավանք գիտակրթական հիմնադրամի «21-րդ դար» տեղեկատվական-վերլուծական հանդեսի` 2018 թվականի 5-րդ համարում, և վերնագրված էր «Ղարաբաղյան շարժման նախապատրաստական փուլի պատմությունից․ Թաթուլ Կրպեյանի և Իգոր Մուրադյանի համագործակցությունը»։

Արցախյան շարժման 33 ամյակի և ի հիշատակ նորագույն ազգային-ազատագրական պայքարի երկու ականավոր նվիրյալների՝ Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և Արցախի հերոս Իգոր Մուրադյանի, հաղորդման հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը հատվածաբար ներկայացնում է վերոնշյալ հոդվածը։

Ցուցադրել ավելի
Back to top button