ԿարևորՀասարակություն

Ունե՞ր իրավունք․ սահմանադրագետը մեկնաբանում է վարչապետի՝ ԳՇ պետին ազատելու որոշումը

Փետրվարի 25-ին վարչապետը հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացրեց՝ Օնիկ Գասպարյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, որն ստորագրելու համար նախագահը օրենքով սահմանված եռօրյա ժամկետ ունի։ Եվ մինչ քաղաքական շրջանակները փորձում էին կանխատեսել՝ կստորագրի՞ վարչապետը նախագահի առաջարկությունը, թե՞ ոչ, սահմանադրագետներն սկսեցին քննարկել մեկ այլ հարց՝ ունե՞ր վարչապետը ԳՇ պետին պաշտոնից ազատելու իրավասություն, թե՞ ոչ։      

Այս և խնդրին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։ Նա ասում է, որ գործող Սահմանադրության համաձայն՝  վարչապետն իրավունք չունի ստորագրելու  հրամանագիր՝ բարձրագույն հրամանատարական կազմի մեջ մտնող  պաշտոնատար անձին պաշտոնից ազատելու վերաբերյալ։  «Առաջարկությունն ինքնին հակասում է Սահմանադրությանը, որովհետև  ըստ մայր օրենքի 155-րդ հոդվածի երրորդ մասի՝ Գլխավոր շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով։  Նրա պաշտոնավարման ժամկետը ֆիքսված է, ինչպես ֆիքսված են  Հանրապետության նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի քանի այլ՝ Սահմանդրությամբ նախատեսված  անձանց պաշտոնավարման ժամկետները։ Սահմանադրությունը ելնում է նրանից, որ սահմանված ժամկետի ընթացքում ԳՇ պետին հնարավոր չէ պաշտոնանկ անել քաղաքական որևէ դրդապատճառով»,-ասում է Վարդան Պողոսյանը։  

Սահմանադրագետը մանրամասնում է, թե ինչ կարող է անել ստեղծված իրավիճակում Հանրապետության նախագահը՝ ըստ գործող Սահմանադրության։ Ասում է՝ ԳՇ պետի ազատման վերաբերյալ վարչապետի ներկայացրած առաջարկությունից հետո նախագահն ունի երկու տարբերակ․ «Եթե համաձայն է առաջարկի հետ,  ստորագրում է փաստաթուղթը,  եթե ունի որևէ առարկություն, եռօրյա ժամկետում այն ներկայացնում է դիմող պաշտոնատար անձին, տվյալ դեպքում՝ վարչապետին։  Բարձրագույն հրամանատարական կազմի հետ կապված կա 5-օրյա ժամկետ, որի ընթացքում վարչապետը պետք է որոշում կայացնի՝ համաձա՞յն է առարկության հետ, թե՞ ոչ։ Եթե համաձայն է, խնդիրը դուրս է գալիս, եթե ոչ՝  նախագահը եռօրյա ժամկետ ունի․ կամ համաձայնության են գալիս և ստորագրում փաստաթուղթը, կամ նույն եռօրյա ժամկետում  դիմում է ՍԴ»,- ասում է Վարդան Պողոսյանը։

Սահմանադրագետին հիշեցրինք, որ 2015-ին, երբ քննարկվում էին Սահմանադրության փոփոխությունները, շատ քննադատվեցին հատկապես պաշտոնատար անձանց նշանակման և  ազատման հարցում վարչապետին տրվող լայն լիազորությունները․ արդյո՞ք ԳՇ պետի ազատումը այդ լիազորությունների դաշտում չէ։ Վարդան Պողոսյանն ասաց, որ կա բացառություն, և այդ բացառությունը վերաբերում է ԳՇ պետին։

Վարդան Պողոսյանը համոզված է, որ պահանջելով վարչապետի հրաժարականը՝ ԳՇ-ն չի խախտել Սահմանադրությունը, թեպետ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ ԶՈւ-ն պետք է քաղաքական չեզոքություն պահպանի։

«Տվյալ դեպքում ԳՇ-ն քաղաքական չեզոքության պահանջը չի խախտել, որովհետև 14-րդ հոդվածի առաջին մասով Սահմանադրությունը ԶՈւ-ի առջև դնում է որոշակի խնդիրներ, այն է՝ երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության պահպանումը։ Եթե Գլխավոր շտաբը գտնում է, որ այդ ամենը չի կարող իրականացնել  կառավարության ու վարչապետի  պատճառով, ապա ԳՇ-ի պարտականությունն է նման իրավիճակում պահանջել  վերջինների հրաժարականը։ Գլխավոր շտաբը լիովին իրավասու է անել նման հայտարարություն»,-ասում է սահմանադրագետը։

Վարդան Պողոսյանի խոսքով՝ միանգամայն այլ կլիներ իրավիճակը, եթե ԳՇ-ն  Զինված ուժերին չառնչվող մեկ այլ հարց բարձրացներ, օրինակ, ասեր՝   x կուսակցության  քաղաքական պահանջները ճիշտ են, իսկ կառավարությանը՝ սխալ։

Back to top button