Մտքի ուժը

Ոչ նորաձև, բայց արագ աշխատանք գտնել հնարավոր է․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս պատրաստել խնամքի միջոցներ, այս դեպքում օճառ, բայց ոչ թե սիրողական, այլ՝ գիտական հաշվարկների հիման վրա։ Գաղտնիքները բացահայտում են Մարին ու Մարիամը։

Նրանք ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ են։ Այն ֆակուլտետի, որը ժամանակին յուրաքանչյուր կուրսում ուներ ամենաքիչը 100 ուսանող։ Այսօր ամբողջ ֆակուլտետում է մոտավորապես այդքան մարդ սովորում։

Աղջիկները ավարտելով այս ֆակուլտետը ոչ միայն մասնագիտությամբ են աշխատում, այլ նաև մասնագիտությունն օգտագործելով բիզնեսում առաջին քայլերն են անում։

Մարի Ղահրամանյանը առաջարկն անում է ընկերուհուն՝ Մարիամ Աբրահամյանին։ Մարին պատմում է, որ երբ սովորում էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում, մտածում էր բիզնես սկսելու մասին։

«Կարանտինի շրջանում վեց ամիս փորձեր էինք անում։ Օճառները զրոյից պատրաստելու համար սկզբում յուղերն ենք տաքացնում, ջերմաստիճանային սանդղակին, հիմնայնությանն ու թթվայնությանն ենք հետևում։

Զրոյի ճշտությամբ կշռում ենք յուղերը, հիմքերը, նորից հետևում ենք ջերմաստիճանին։ Մոտ մեկ ամիս հետևում ենք հասունացմանը, ապա լցնում ենք կաղապարների մեջ, կտրտում ենք ու պատրաստ է»,- պատմում է։

MarCos Cosmetics․ աղջիկները խնամքի միջոցներն այսպես են անվանել։ Անվանումը տղամարդու «Մարկոս» անվան հետ կապ չունի։ Արտադրած խնամքի միջոցներն էլ թե կանանց, թե տղամարդկանց համար են։

«Մենք ընտրեցինք մեր անունների առաջին վանկը՝ «Mar», քանի որ արտադրում ենք կոսմետիկա «Cos»։ Ստացվեց՝ «Մարիի ու Մարիամի կոսմետիկա»,- պատմում են։

Օնլայն վաճառքից անցել են արդեն տաղավարայինի՝ արտադրանքը ներկայացված է Ազգային մոլում։ Նոր հիմնվող այս բիզնեսը բուհում սովորելու ընթացքում ձեռք բերած գիտելիքները տնտեսությունում ներառելու փորձ է։

Պարզվում է՝ սա աղջիկների մագիստրոսական թեզի արդյունքն է, պատմում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։

Այսօր արդեն միայն Մենդելեևի աղյուսակը իմանալով հնարավոր չէ արդյունքի հասնել։ Պրոֆեսոր Ղոչիկյանն ասում է՝ իրենց մոտ էլ ուսանողները փորձեր անում են։ Ավելին, առաջիկա շաբաթվա ընթացքում ցուցահանդեսի են մասնակցելու, որտեղ կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքները։

«Ներկայացնելու են իրենց աճեցրած բյուրեղները, իրենց արտադրած մաքրող լվացող միջոցները։ Մենք երկու լսարան կտրամադրենք, որ կարողանան ներկայացնել։ Ես հասկանում եմ, որ ուսանողը նախ պետք է նորմալ կրթություն ստանա, որ կարողանա ուղեղը աշխատացնի։ Նրանք այդ գիտելիքներն ստանում են, այլ հարց է, թե ինչո՞ւ է մեր ֆակուլտետն այս վիճակում»,- ասում է Տարիել Ղոչիկյանը։

Քիմիան նորաձև մասնագիտություն չէ, դրա համար էլ ուսանողները չեն գալիս, սակայն ավարտողները շատ արագ աշխատանք են գտնում՝ քիմիայի ֆակուլտետի դեկանի դիտարկումն է։

Քիմիայով զբաղվելու համար պետք են բնավորության կոնկրետ գծեր՝ ասում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն ու թվարկում՝ համբերատարություն, մաքրասիրություն։

Back to top button