ԿարևորՀասարակություն

Ընդդիմությունը դեմ է վարչապետի առաջարկին․ կոնսուլտացիաների չեն մասնակցի

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շարունակում են մնալ ներքաղաքական լարված իրավիճակի լուծման հնարավորություն․ փետրվարի 25-ի հանրահավաքում այս մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել էր, որ  պատրաստ է դրանց շուրջ խորհրդակցություններ անցկացնել բոլոր քաղաքական ուժերի, նույնիսկ՝ իրեն խստորեն քննադատողների հետ։

Վարչապետն ասել էր․ «Եկեք սկսենք խոսակցություն։ Հիմա ես, ճիշտն ասած, ուզում էի ձեր անունից  արտահերթ ընտրությունների առաջարկը թարմացնել։ Նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք էս իրավիճակը հանգուցալուծում՝ իհարկե հաշվի առնելով ձեր կարծիքը»։

Այս մեսիջն ուղղված էր հատկապես «Հայրենիքի փրկության շարժման» անդամներին, որոնք նույն ժամին  հանրահավաք էին անում մեկ այլ հրապարակում։   

Քաղաքական դաշտի ամենասուր քննադատությունը հնչեցնող հատվածից երեկ արձագանքեցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ նրա հեռացումը իշխանությունից: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը այսօր էլ հաստատեց՝ որևէ կոնսուլտացիա վարչապետի հետ հնարավոր չեն համարում։

«Ինքն արդեն սպառել է խորհուրդի միջոցով ինչ-որ բան անելու բոլոր հնարավորությունները։ Ինքն արդեն երկրից բան չի թողել, ի՞նչ խորհուրդ պետք է տաս։ Եվ հետո՝ այս 2-2.5 տարվա ընթացքում ինքն ապացուցեց, որ ոչ մի խորհուրդ ոչ մեկից չի լսում»։     

Հայրենիքի փրկության շարժման անդամ, դաշնակացական Արծվիկ Մինասյանն ասում է՝ չի հավատում վարչապետի առաջարկի անկեղծությանը։ Պնդում է, որ  առաջին քայլը, այն է՝ հրաժարական պաշտոնից, Փաշինյանը պետք է անի․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, կեղծում է, և նրա ոչ մի առաջարկություն չունի հիմնավորվածություն։ Որեւէ բան չի խանգարում, որ ինքը կատարի առաջին քայլը, դա իր հրաժարականն է։ Ինչի՞ց է վախենում։ Չէ՞ որ պառլամենտի մեծամասնությունը իրեն պաշտպանողներն են։ Թող հրաժարական տա, նոր որևէ քննարկում հրավիրի»։ 

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է  ու նրանց հետ համակարծիք, մյուս խորհրդարանական ընդդիմադիրը՝ «Լուսավոր Հայաստանը», վարչապետից և իշխող ուժից այլ ակնկալիք ունի։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մանրամասնում է․ «Միայն հայտարարել է, որ պատրաստ է կոնսուլտացիաներ անել։ Բայց այսօր եղավ առաջին առիթը․ ԱԺ նախագահը պիտի գար ԱԺ և անցկացներ ԱԺ խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթի օրակարգը։ Դրանով կարող էին սկսել այդ կոնսուլտացիա կոչվածները, բայց նրանք տապալեցին»։

Այդուհանդերձ, երբ ստանան կոնկրետ հրավեր՝ կոնկրետ օրակարգով, Գևորգ Գորգիսյանն ասաց՝ խմբակցությունում կքննարկեն։  

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որ ո՛չ խորհրդարանում է, ո՛չ էլ «Հայրենիքի փրկության շարժման» կազմում, դեկտեմբերի 30-ին վարչապետի հրավերով մի խորհրդակցության արդեն մասնակցել է։ Կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը հիշում է․«Արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ, ըստ էության, այդ խորհրդակցությունը ոչ մի բանի չհանգեցրեց։ Ես չեմ կարծում, թե նորը ինչ-որ բանի կհանգեցնի»։  

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը հազիվ թե խորհրդակցությունների միջոցով լուծվի, իսկ եթե խորհրդակցություններ պետք է լինեն, ապա դրանք, ըստ ՔՈ նախագահի, պետք է անցկացնել խորհրդարանական ուժերի հետ։

Back to top button