ԿարևորՀասարակություն

Երևանի վերելակները նորացվում են․ 70-ամյա վերելակն աշխատում է անխափան

Մաշտոց 39/12 շենքի վերելակը, որը շահագործման էր հանձնվել 25 տարով, արդեն շուրջ 70 տարի  գործում է գրեթե անխափան։  Սա  հայկական «Խոշոր շահում»  ֆիլմից հայտնի վերելակն է, որը ֆիլմում միտումնավոր խափանել էր սպասարկող մեխանիկը։ 

Մինչև այսօրս վերելակի անխափան աշխատանքը ապահովում է նույն մեխանիկը, որին ֆիլմում օգնության էր կանչում Մհեր Մկրտչյանի հերոսը։ Շենքի բնակիչները վերելակի աշխատանքից գոհ են, նոր սերնդի մեկ այլ վերելակով այն փոխարինել չեն ուզում, ավելին՝ սպասում են՝ օրը գա, նշեն վերելակի 100 ամյակը։ 

«Ես երբեք չեմ տեսել, որ մեր վերելակը չաշխատի, հազվագյուտ դեպքեր են դրանք՝ մանր պատճառներով, կարող է դուռը լավ փակած չլինենք օրինակ»,-ասում է շենքի բնակիչ Գագիկ Ղալումյանը։

Դեպի քեզ բացվող միակ դռնով 70 ամյա այս վերելակի կողքին, Երևանում շահագործվում են 2020 թվականին արտադրված վերելակներ։  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ քաղաքապետարանը կամավոր է հանձն առել համայնքի բյուջեով  վերելակները  փոխելու գործը․ օրենքով վերելակը տվյալ շենքի բնակիչների սեփականությունն է, ու դրա փոխարինման կամ խնամքի հարցերով զբաղվում են բնակիչները։ Քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ, որի արդյունքում  մեկ ընկերություն ճանաչվեց հաղթող․

«Հաղթող ընկերությունը բելառուսական Մոբիլյով քաղաքում արտադրվող վերելակները, որոնք բավականին լավ որակի են»,-ասում է Հակոբ Կարապետյանը։

2018-2019 թվականներին 20 վերելակ փոխարինվեց պիլոտային ծրագրով, 2020-ին փոխվեցին ևս 500-ը։ Վերելակները տեղադրվել են անվճար, շահագործման 25 տարի ժամկետով․

«Շենքը գալիք 25 տարիների ընթացքում պարտավորվում է ստեղծել ֆոնդ կամ որևէ այլ մեխանիզմ, վճարելու տվյալ վերելակի շահագործման գումարը»,-նշում է քաղաքապետի խոսնակը։

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ գումարը չի գերազանցում այն թիվը, որը բնակիչները հավաքում էին հին վերելակների համար։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Կենտրոն» համատիրության վերելակների շահագործման բաժնի պետ Գևորգ Մելքոնյանն ասում է, որ նոր վերելակների աշխատանքը բարդություններ է առաջացրել շահագործման առաջին օրերին, հետո, մինչ օրս փոփոխված 30 վերելակների խափանման խնդրով ոչ մի զանգ չեն ստացել։ Գևորգ Մելքոնյանը նշում է, որ ավելի քան 10 մեխանիկ շուրջօրյա ապահովում են վերելակների անխափան աշխատանքը։  

«Մեր մեխանիկների աշխատանքը ավարտվում է ժամը 7-ին, բայց դրանից հետո եթե խնդիր է լինում, քաղաքացի է զանգահարում, մենք կապ ենք հաստատում վերելակը սպասարկող մասնագետների դիսպեչերական կետ և մասնագետը մոտենում է տվյալ շենք»,-ասում է Գևորգ Մելքոնյանը։

Վերելակների շահագործման բաժնի պետը նշում է՝ համագործակցում են ԱԻՆ-ի հետ, վերելակը սպասարկող մասնագետները պարբերաբար լիցենզավորում են ստանում։ Նոր՝ ժամանակակից վերելակները ունեն կառավարման հարմարավետ վահանակ, ձայնային ազդանշան, աշխատում են գրեթե անձայն։ Վերելակներն ունեն ուղեցույցներ․ մասնագետներն օգտվել են դրանցից ու արձանգրել՝ օգտակար են․

«Հին և նոր վերելակների տարբերությունը, իհարկե բավականին մեծ է, նորերի հետ աշխատելը ավելի հարմար է։ Տեսեք, օրինակ նոր վերելակի վահանակը ցույց է տալիս, թե որ հարկում է այդ պահին վերելակը գտնվում, իսկ հին վերելակի դեպքում պետք է հաշվել ռելեները»,-նշում է Գևորգ Մելքոնյանը։

Առաջիկա մեկ տարում Երևանում կփոխվի ևս 300 վերելակ։ Քաղաքապետարանից հորդորում են վարվել խնամքով, վերելակի խցիկը չաղտոտել, մարդկանց թույլատրելի թիվ վերելակում չգերազանցել։

Back to top button