ԿարևորՔաղաքական

Պետդեպն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը

Պետդեպն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կոչ է անում երկրի զինված ուժերին զերծ մնալ քաղաքականությանը խառնվելուց,  ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Իհարկե տեղյակ ենք Հայաստանի վերջին զարգացումներից: Մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած իրավիճակը լարող կամ բռնի գործողություններից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, ըստ որի՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Միացյալ Նահանգները հաստատուն կերպով աջակցում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և հորդորում նրա առաջնորդներին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները ՝ հարգելով օրենքի գերակայությունը, Հայաստանի ժողովրդավարությունը և նրա հաստատությունները:»,- ասել է Փրայսը:

Հարցին՝ ի՞նչ կասեք զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մասին: Դուք այն որակում եք որպես հրահրում, թե՞ հեղաշրջման փորձ, նա պատասխանել է.

«Ինչպես գիտեք, պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց՝ պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցածը հեղաշրջում է, թե ոչ: Մենք խոսեցինք այդ գործընթացի մասին այլ հանգամանքներում՝ Բիրմայի համատեքստում, և փետրվարի 1-ին Բիրմայի ժողովրդավարական քաղաքացիական ղեկավարության տապալումից հետո տրված հեղաշրջման բնութագրի պարագայում: Կարծում եմ՝ ես ժամանակին ասել եմ, որ կան երեք չափանիշներ, որոնք դիտարկում է պետքարտուղարությունը՝ նման սահմանում տալու համար: Իհարկե, այս դեպքում չկա նման սահմանում: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և կշարունակենք մեծ ուշադրությամբ հետևել ընթացող զարգացումներին:»

Ցուցադրել ավելի
Back to top button