ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին հայտնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», — նշել են նրանք:

Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետն այդ պահանջը ռազմական հեղաշրջման փորձ է որակել։

Back to top button