ԿարևորՀասարակություն

Արշակունյաց պողոտան Իսակովին կապող 2.5 կմ ճանապարհը կանցնի Երևան մոլի մոտով

Երբ կսկսեն ճանապարհաշինությունը՝ հայտնի չէ, բայց հստակ է ճանապարհի սկիզբն ու վերջը․ նոր ճանապարհը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները, կբեռնաթափի Երևանի կենտրոնը, կնվազեցնի խցանումները։ Այս ծրագիրը մեկնարկել է 2015-ից՝ Ասիական բանկի ֆինանսավորմամբ, «Քաղաքային կայուն զարգացում Տրանշ 2» վարկային համաձայնագրով։ Դրա շրջանակում «Երևաննախագիծ» ՓԲԸ–ն ճանապարհի կառուցման նախագիծ էր մշակել։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այսօրվա ծրագրի հիմքում հենց  2015-ին մշակված նախագիծն է, բայց այն անպայման կվերանայվի ու կփոփոխվի։

«Սա շատ կարևոր ծրագիր է մեր քաղաքի զարգացման համար, քանի որ ճանապարհ է բացում արևմուտքից  արևելք՝ Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա։ Բացի այդ, ճանապարահատվածը քաղաքաշինական, տրանսպորտային խնդիր լուծելուց զատ, նաև տնտեսական ազդեցություն կունենա, որովհետև ճանապարհի մերձակա հատվածները ևս կզարգանան»,– ասում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նոր ճանապարահատվածը կնպաստի ամբողջ քաղաքի երթևեկության բեռնաթափմանը։ Նույն՝ բեռնաթափման նպատակով այս պահին մայրաքաղաքում երկու ճանապարահատված արդեն կառուցվում է։ Մեկը շահագործման կհանձնվի այս տարի։ Այն Հարավարևմտյան թաղամասը կկապի Շենգավիթի հետ՝ Կարմիր բլուրի հատվածում։ Կառուցման ընթացիք մեջ է նաև Երևանի Բաբաջանյան փողոցը Աշտարակի խճուղուն միացնող ճանապարհահատվածը․ շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարի։

Ըստ 2015թ մշակված նախագծի՝ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհահատվածը Լենինգրադյան փողոց– Ծովակալ Իսակովի պողոտա տարանցիկ ճանապարհի շարունակությունն է։ Այն կունենա 2.5կմ երկարություն և հետագայում թույլ կտա Արշակունյաց պողոտայում կազմակերպել անընդհատ երթևեկություն։

Ճանապարհը Իսակովի պողոտային կմիանա մոտավորապես այն հատվածից, որտեղից սկսվում է դեպի Մոնթե Մելքոնյան պողոտա գնացող հանգույցը և, դեպի արևելք գնալով, դուրս կգա Արշակունյաց պողոտայի մոտավորապես այն հատված, որտեղ ավարտվում է Կոմիտասի անվան զբոսայգին»,– պարզաբանում է Հակոբ Կարապետյանը։

Երևանը բեռնաթափելու համար կարևոր է, որ հանրապետության տարբեր հատվածներն իրար կապող մայրուղիները չանցնեն մայրաքաղաքի միջով, ասում է «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի տնօրեն ճարտարապետ Սիրեկան Օհանյանը։ Ճարտարապետի կարծիքով՝ պետք է կառուցել Երևանը շրջանցող օղակաձև ճանապարհներ, ինչպես, օրինակ, Նուբարաշենից դեպի Երևան–Սևան մայրուղի ձգվող  ճանապարհն է։

«Կոպիտ ասած Կապանից Երևան գնացողը պիտի Հանրապետության հրապարակով չանցնի․ պետք է ստեղծենք, օրինակ, Մասիսից դեպի Էջմիածնի խճուղի, այնտեղից էլ դեպի Աշտարակ–Գյումրի ճանապարհահատվածին միացող ճանապարհ»,– ասում է «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի տնօրեն Սիրեկան Օհանյանը։

Լենինգրադյան փողոց–Իսակովի պողոտա– Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղու հատակագիծ՝ ըստ 2015թ․ նախագծի

«Երևաննախագիծ»-ը առաջիկայում կսկսի մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի լրամշակումը՝ մինչև 2030-35թթ զարգացման հեռանկարով։ Դրանում կներառվեն  ճանապարհային նոր հատվածների կառուցման առաջարկներ՝ Երևանի վարչական շրջաններն իրար կապող նոր ճանապարհների վերաբերյալ։

«Օրինակ պետք է կառուցել Երևանի Կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին կապող արագընթաց ճանապարհ, որը կարող է լինել ինչպես ավտոճանապարհի, այնպես էլ մեկ այլ հաղորդակցման միջոցով»,– ասում է Սիրեկան Օհանյանը։

Ճարտարապետն ասում է, որ Երևանն ամբողջությամբ բեռնաթափելու համար պետք է մտածել նաև այլընտրանքային երթևեկության միջոցների մասին։ Որպես այդպիսին՝ նշում է ճոպանուղին։ Լրամշակվող գլխավոր հատակագծում լրջորեն դիտարկվելու է դրա նախագծման և կառուցման հեռանկարը։

Back to top button