ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել

ՀՀ վարչապետը որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ԳՇ պետի առաջին տեղակալին և ԳՇ պետին։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Ամենակարևոր խնդիրը ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։

Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել։

Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ին էլի հեղաշրջման փորձը, երբ պարզվեց՝ կան շրջանակներ, որ ուզում են հարձակվել կառավարության ներկայացուցիչների վրա, հհաշվեհարդար տեսնել, որ նաև պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը ի հայտ չգա»,- նշել է նա՝ հավելելով, որ այս հարցերի շուրջ է բոլորի հրավիրում Հանրապետության հրապարակ, նաև կոչ անելով պահպանել հանդարտություն։

Նա կոչ արեց նաև զինվորներին, որ շարունակեն իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնեն։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և այդտեղ պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացների հակասող որևէ գործողություն։ Անթույլատրելի է, որ ԶՈՒ-ն, բանակը զբաղվեն քաղաքականությամբ, հանդես գան քաղաքակաան գնահատականներով»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը արդեն ազատվել է աշխատանքից դե յուրե, և որպես այդպիսին հանդես գալու իրավունք չունի, իսկ ԳՇ պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ստորագրել է, և ընթացք է տրված այդ պրոցեսին։ Վարչապետը հայտնեց, որ ԳՇ նոր պետ կնշանակվի, ինչպես նաև ԳՇ պետւ տեղակալ։

ԶՈՒ Գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն այն որակել է ռազմական հեղաշրջման փորձ։

Back to top button