ԿարևորՀասարակություն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներն այցելել է Հայաստան եւ Արցախ

Հայտնի մարդասեր եւ բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան եւ Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներին ուղեկցում են մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն կունենան առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը,  վերականգնում են ենթակառուցվածքները եւ խթանում տնտեսությունը:

«Ես երախտապարտ եմ Հայաստան եւ Արցախ այցելելու հնարավորության համար եւ արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»,- ասել է բժիշկ Քուշներն:

Բեռնարդ Քուշները համահիմնադրել է Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը 1971-ին, իսկ 1980-ին համահիմնադրել է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը: Նա մարդասիրական աշխատանքներ է կազմակերպել Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում եւ Վիետնամում: 2018 թ. պարոն Քուշները միացել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ, ականավոր մարդասերներ եւ մեծահամբավ իրավապաշտպան ակտիվիստներ: Նրանք մեծարանքի են արժանացնում մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։

Հայաստան ժամանելուց հետո պարոն Քուշներն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Հաջորդ օրը պատվիրակությունն ուղեւորվել է Արցախ՝ հայտնելու  իր համերաշխությունը եւ աջակցելու տեղի մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ նրանց, որոնք իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

Ստեփանակերտում պարոն Քուշները եւ մյուս հյուրերն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին: «Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանն «Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է տրամադրել տեղական եւ միջազգային 57 նախագծի, որոնք իրականացվում են բազմաթիվ գործընկերների հետ:

«Ես տպավորված էի Լեդի Քոքսի անվան կենտրոնի փիլիսոփայությամբ՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը ներգրավելու բուժական պրոցեսում: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր եւ դրական: Ես ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասել է բժիշկ Քուշներն Արցախ կատարած այցից հետո:

Փետրվարի 24-ին Քուշների գլխավորած պատվիրակությունը շրջել է Ստեփանակերտի այն շրջաններում, որոնք ամենաշատն էին տուժել պատերազմից: Նրանք զրուցել են «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում HALO Trust-ի, որը քաղաքացիական տարածքները մաքրում է կլաստերային ռումբերից եւ այլ պայթուցիկներից՝ ստեղծելով անվտանգ տարածք տեղահանված արցախցիների վերադարձի համար:

«Մարդիկ այստեղ շատ լավ գիտեն, որ իրենց գոյությունն, առաջին հերթին, կախված է անվտանգ միջավայրից: Եվ մենք հիմա հասկանում ենք, թե որքան կարեւոր է ստեղծել այնպիսի առողջապահական ենթակառուցվածք, որը կհամապատասխանի այս ուժեղ ու քաջ մարդկանց կարիքներին»,- Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից դուրս գալիս ասել է պարոն Բուանեն:

Երեւան վերադարձի ճանապարհին հյուրերը կայցելեն Դիլիջանի միջազգային դպրոց եւ կշրջեն քաղաքում: Մինչեւ այցն ամփոփելը՝ ուրբաթ օրը պարոն Քուշները ծրագրում է մասնակցել քննարկման Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ այցելել Մատենադարան:  

Back to top button