Սփյուռքի ձայնը

Թուրքական իշխանությունները չեն ցանկանում փոխել նախկիններին․ Բագրատ Էստուկյան․ «Սփյուռքի ձայնը»

Թաղական խորհուրդ, թաղական, թաղականին կնիկը. արևմտահայ գրականությունից մեզ հայտնի այս տերմինները` եզրերը մինչև այսօր էլ Թուրքիայում չեն կորցրել իրենց արդիականությունը, մինչև այսօր էլ ազգային փոքրամասնություններն այնտեղ թաղական ընտրությունն են անցկացնում, կամ ավելի ճիշտ, անցկացնում էին։

Արդեն 10 տարուց ավելի կառավարությունը չի արտոնում նման ընտրությունները։ Ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների վարչություններում ընտրություններ կատարելու համար կառավարությունը նոր կանոնակարգ մշակելու պահանջ է դրել։

Նոր կանոնադրություն և կանոնագիր ունենալուց հետո միայն հնարավոր է ընտրություն անցկացնել, ասում է «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, որն այս թեմային տարբեր ժամանակներ փորձել է անդրադառնալ։

Սկզբում կառավարության նման մոտեցումը իրատեսական էր թվում, ասում է Էստուկյանը, համոզված լինելով, որ նոր պահանջներով և մոտեցումներով շուտով առավել արդյունավետ ընտրություններ են անցկացվելու և վարչություններ ընտրվելու:

«Այստեղ, սակայն միաձայնություն չեղավ, որովհետև նախկին կանոնադրությունը չէր համընկնում ներկա որոշ իրողությունների հետ»,- ավելացնում է Բագրատ Էստուկյանը, նշելով, որ, օրինակ, նախկինում եկեղեցու թաղական խորհրդի ընտրություններն անցկացվում էին եկեղեցուն կից թաղամասերում բնակվող հայերի մասնակցությամբ:

Տարիների ընթացքում երկրի ժողովրդագրական պատկերը փոխվեց և մարդիկ գնացին, թաղամասերից շատերում քիչ թվով հայեր մնացին: Սա, իհարկե, դժվարացրեց ընտրությունների գործընթացը:

Շատերը դեմ էին տարբեր թաղամասերում բնակվողների միջոցով թաղական խորհուրդ ընտրելու կարգին, նշելով, որ «դրսի» մարդիկ տեղյակ չեն, թե ինչ խնդիրներ ունեն այս կամ այն եկեղեցու հարակից թաղամասերում բնակվող հայերը:

Սա, իհարկե, թուրքական կառավարության համար լավ առիթ էր՝ հայկական համայնքի համախմբումը թուլացնելու, թաղական խորհուրդ ստեղծելու գործընթացը կասեցնելու համար:

«Սա հայկական հիմնադրամների և վարչությունների «աթոռներն» իրենց հայեցողության տակ պահելու առիթ և միջոց էր»,- ասում է Բագրատ Էստուկյանը:

Տարիները ընթացքում մարդկանց մոտեցումներն այս հարցի նկատմամբ փոխվեցին, շատերն այլևս ցանկություն չունեցան մասնակցելու վարչության աշխատանքներին, շատերն էլ` դուրս եկան հիմնադրամներից:

Մյուս կողմից էլ` շատերը չեն թողնում իրենց պաշտոններն ու աթոռները, քանի որ դրանով իրենց որոշ շահերն են սպասարկվում, ավելացնում է Բագրատ Էստուկյանը:

Այս տարիների ընթացում որոշ իրավապաշտպաններ հայցով դիմել են թուրքական դատարաններ իրենց խախտված օրինական իրավունքները ժամ առաջ վերականգնելու համար։

Դատական համակարգն էլ բոլոր դիմումները մերժել է տարբեր պատճառաբանություններով, նկատում է Էստուկանը: Պարզ է մեկ բան. թուրքական իշխանությունները չեն ցանկանում փոխել նախկիններին, ասում է Էստուկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button