Հասարակություն

Էջմիածնի «Մեր Տունը» գոյատևման դժվարություններ ունի

Մանկատան չափահաս դարձած աղջիկներից շատերն ապրել են  Էջմիածնի  «Մեր Տուն» սոցիալական հասարակական կազմակերպությունում: Ծնողական խնամքից զրկված աղջիկներն այստեղ կրթություն են ստացել, սովորել  ձեռքի տարբեր աշխատանքներ, այստեղից էլ ընտանիք կազմել: Հիմա կազմակերպությունը գոյատևման դժվարություններ ունի:

Էջմիածնում գործող  «Մեր Տուն» սոցիալական հասարակական կազմակերպությունը գտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ: Կառույցը գրեթե 15 տարի օգնության ձեռք է մեկնել մանկատան չափահաս դարձած աղջիկներին: Ապրելով «Մեր Տանը» նրանք ստացել են մասնագիտական կրթություն, ձեռք են բերել կյանքի հմտություններ, ամուսնացել: Հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը վաստակավոր զոքանչ է.

«20 աղջիկ եմ ամուսնացրել, 32 թոռնիկ ունեմ: Շատ կարևոր տարի է ինձ համար, քանի որ աղջիկները զանգում են ինձ ու ասում՝ ձեզ միայն լավ բաներ ենք ասում , երեք թոռնիկի լուր ունենք, ապրիլին մեկն արդեն կծնվի»:

2020թ-ին հարսանիք չեն արել: Հիմա «Մեր Տանն» ապրում է 7 աղջիկ: Ֆինանսական դժվարնությունների պատճառով  նոր շահառուներ չեն ընդունում, թեև  այստեղ ապրել  ցանկացողների թիվը քիչ չէ: Մարիան  Գավառի մանկատան սան է,  ուսանողուհի, արդեն մի քանի տարի ապրում է «Մեր Տանը».

«Այստեղ մենք 7 հոգի ենք, հատուկ գրաֆիկով ենք շարժվում, այսինքն՝ եթե ես այսօր շենքում եմ, խոհանոցում կամ խոհարար եմ, կամ տան մաքրությունն եմ անում: Այստեղ մեր կազմակերպությունը մեզ կրթություն է տալիս, որ հետագայում կարողանանք մեզ ճիշտ դրսևորել»:

Կազմակերպության ներկայացրած ծրագրերը կարճաժամկետ են, սակայն Տիգրանուհի Կարապետյանը չի հուսալքվում, հավատացած է, որ հույսի նոր դռներ կբացվեն.

«Խնդիրը հագուստն է, կոմունալն է, շատ քիչ բյուջեով մենք կարողացել ենք ապրել: Եթե  դու աշխատում ես էն երիտասարդների հետ, որ բերել ես, ուժեղացնես, դու քո թույլ կողմերը չպետք է ցույց տաս: Էս ձմեռն էլ մի ձև յոլա կգնանք, մինչև տեսնենք»:

Կառույցին օգնելու նպատակով  վարչության անդամ, ժողովրդական դիվանագետ, լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը վերջերս հանդես էր եկել մի  նախաձեռնությամբ՝ ուշադրություն հրավիրելով կազմակերպությունում ծագած խնդիրներին: Նոր մշակութ է ամրապնդվում հայկական իրականության մեջ: Տիգրանուհի Կարապետյանը պատմում է.

«Րաֆֆին մորը կորցրել էր, զանգեց ու ասաց, որ թուղթ պիտի գրենք՝ պլակատ, որ թաղման համար նախատեսված  ծաղիկների գումարը տան «Մեր Տուն» օրիորդաց տանը և այն դնենք եկեղեցու բակում: Էդ կուլտուրան մտցնենք, ծաղիկներ առնելու փոխարեն, ավելի լավ է կարիքավորին օգնենք»:

Ժողովրդական առածն ասում է՝ ձեռքը ձեռք է լվում, երկու ձեռքը՝ երես, այս դեպքում «Մեր Տան» աղջիկները պատրստակամ են իրենց աշխատանքով օգնել կազմակերպությանը, միայն թե շարունակեն ապրել այստեղ: Սովորելու դեռ շատ բան ունեն.

«Տիկին Կարապետյանը միշտ ասում է, որ Աստծո ձեռքը միշտ այս տան վրա է ու չգիտենք որտեղից ֆինանսավորում է լինում, տիկին Կարապետյանը կարողանում է մեզ պահել: Բայց եթե գա այնպիսի մի օր, որ իսկապես ճար չլինի արդեն  ֆինանսավորելու, կգնանք, սովորելուն զուգահեռ  կաշխատենք ու մեր աշխատածով վարձով կմնանք երևի այստեղ»:

«Մեր Տանը» հաճախ լսվում է մանկան ճիչն ու ծիծաղը, սա նշանակում է, որ նրանց այցի են եկել այստեղից ընտանիք կազմած աղջիկները երեխաների և  ամուսինների հետ: Այս տունը նրանց համար շարունակում է մնալ հարազատ օջախ: Գալիս են, խոևրհուրդներ հարցնում,  կիսվում հաջողություններով:

Ցուցադրել ավելի
Back to top button