ԿարևորՔաղաքական

Տարբեր գնահատականներ՝ նույն հարցերին․ Փաշինյան-Սարգսյան-Քոչարյան դիտարկումները հակադրվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «1-ին լրատվական»-ին տված հարցազրույցում ի շարս մի շարք հարցերի, խոսել է նաև ներքաղաքական խնդիրների մասին։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել նաև երկրորդ և երրոդ նախագահների որոշ հայտարարությունների։

Մասնավորապես, հակադարձել է Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած հայտարարությանը, համաձայն որի՝ մինչև 2018-2024 թվականի համար մշակված սպառազինության և զինտեխնիկայի գնման պլանի մեջ փոփոխություններ են արվել։

Արցախյան վերջին պատերազմին առնչվող մի շարք կարևոր հարցերում գործող վարչապետի և նախկին նախագահների մի շարք դիտարկումներ իրարից ծայրահեղորեն տարբեր են։ Այս դիտարկումները հնչել են օրերի տարբերությամբ իրար հաջորդած հարցազրույցների ընթացքում։ Հակադիր կարծիքներ են հնչել, օրինակ, սպառազինության և զենքի ձեռքբերման գործընթացների մասին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելուց հետո իր օրոք հաստատվել էր 2018-24 թվականների 69 կետանոց ԶՈՒ զարգացման ծրագիր, ըստ այդմ՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան։ Այն իրականացնելու համար էլ նախատեսվել էր 1 մլրդ 300 մլն դոլար՝ նաև ԱԹՍ-ների ձեռքբերման համար։

«Բայց, ցավոք սրտի, չգիտես ինչից ելնելով (միգուցե՝ հայկական բնավորությունից, ավելի ճիշտ՝ հայկական պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ՝ ինչ-որ բան պիտի փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում) փոխեցին ողջ ծրագիրը»։

Սպառազինության և տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն չի արվել՝  իր հարցազրույցում հակադարձում և պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է մեզ վաճառելու այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այդպես շարունակ»:

Փաշինյանը նշում է նաև, որ բանակում հեղափոխական միջամտություններ չեն արվել, քանի որ ինքը համարել է, որ դա այս իրավիճակում կարող է շատ բացասական հետևանքների բերել:  

«Նկատի ունեմ՝ այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են: Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից, կներեք արտահայտությանս, վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ»:

Հեռակա բանավեճում տարբեր դիտարկումներ են հնչել նաև պատերազմ սկսվել-չսկսվելու հարցի շուրջ։ Եթե ինքը լիներ Հայաստանի ղեկավարը, սեպտեմբերյան պատերազմը չէր սկսվի, իսկ սկսվելու դեպքում կհաղթեինք՝ հայտարարել էր Քոչարյանը։ «Գուցե մի քիչ զավեշտալի թվա, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է նույն բանն ասել»՝ հեռակա հակադարձել է Փաշինյանն ու ավելացրել՝ ոչ մեկը հակառակը չի կարող ապացուցել:

«Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»:

Հեռակա բանավեճում տարբեր դիտարկումներ են արվել նաև ներքին քաղաքական զարգացումների, քաղաքական հետագա պայքարի մասին։ Արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ենք՝ ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

Սերժ Սարգսյանն իր դեմքով որևէ պարագայում պաշտոն ստանձնելը բացառել էր։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների հարցն օրակարգից հանելու մասին, սակայն երեկ լրացրեց այս առումով իր ասածը՝ հետպատերազմական շրջանում Հայաստանում լարվածությունը թուլացնելու համար համաձայնության հնարավորության դեպքում «երկու ոտքը մի կոշիկի մեջ չեն դնի»: 

«Եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է։ Ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են ուղղում ժողովրդին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով։ Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են, «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

Մինչ ընդդիմադիր թևում ելքը տեսնում են վարչապետի հրաժարականը պահանջելով, վարչապետը մթնոլորտի լիցքաթափման գործիք է համարում նոյեմբերի 18-ին իր հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի իրագործումը։ Այլ ճանապարհ, քան երկկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա՝ Փաշինյանի դիրքորոշումն է:

Back to top button